Ազգային ժողովում այսօր լրագրողները փորձեցին ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից (Բուռնաշ) ճշտել՝ Ազգային ժողովում օլիգարխ-պատգամավորներ կա՞ն, թե ոչ: Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ասել է, որ ԱԺ-ում օլիգարխներ չկան,-գրում է lragir.am-ը:
Աշոտ Աղաբաբյանն ի պատասխան ուսերը վեր քաշեց՝ հստակ չպատասխանելով հարցին: «Եթե վերցնենք ըստ չափերի, ապա Հայաստանի օլիգարխը ոչ մի պետության օլիգարխի չափերի մեջ չի մտնում: Բայց, ինչ խոսք, Հայաստանում օլիգարխ կա»,- նշեց նա:
Հարցին, թե գործարարներ կա՞ն Ազգային ժողովում, Աշոտ Աղաբաբյանը նշեց, որ իհարկե կան, բայց պետք է տարանջատել օլիգարխին գործարարից: Այնուհետև նա սկսեց լրագրողներին բացատրել, թե ովքեր են գործարարները, ինչ տարբերություն կա օլիգարխի և գործարարի միջև. «Բիզնեսմենները այն այդ մարդիկ են, ովքեր ունեն ունեցվածք, արտադրություն, որով կարողանում են իրենց տունը պահել՝ օգնելով միջավայրին ու կողքինին: Իհարկե, չեմ նախանձում և խանդում, բայց օլիգարխը դրսում և ներսում ունի բավական լուրջ ֆինանասական ուժեր, ռեսուրսներ, դրա համար ուզում եմ տարանջատենք»: Միաժամանակ նա նշեց, որ օլիգարխի և գործարարի միջև կա մեծ անջրպետ: