«Հրապարակ» թերթը գրում է. 

«Ազգային ժոդովի կանանց մոտ տարօրինակ ակտիվություն է նկատվում, սակայն դա տեղի է ունենում յուրաքանչյուր նստաշրջանի հայտարարությունից հայտարարություն: Տպավորություն է, թե նրանց վրա է դրված ընդդիմության «պորտը» տեղը դնելու «սուրբ ու հայրենանվեր» առաքելությունը: Երեկվա հայտարարությունների ժամն էլ այս հարցում բացառություն չէր: Հայկ Բաբուխանյանից առաջ ու հետո ելույթ ունեցան դահլիճում մնացած երկու «հատընտիր» ՀՀԿ-ական կանայք՝ Կարինե Պողոսյանն ու Ռուզաննա Մուրադյանը:

Տիկին Պողոսյանն իր առջև դրված տեքստը կարդալիս անդրադարձավ «որոշ անսկզբունք ու ոչ հայրենասեր» գործիչներին, Ռուզաննա Մուրադյանն էլ, շարունակելով «կեղծ հայրենասիրության» թեման, հիշեց Րաֆֆու, բայց ոչ «Ժառանգության» առաջնորդի, խոսքերը, որ ով իր հայրենիքը չի սիրում, իրավունք չունի օտարներից սեր պահանջելու: Ի դեպ, մեր տեղեկություններով, նրանց վրա կուսակցությունից ի վերուստ «պլան» է դրված, որ ամեն մեկն իր կարողությունների սահմաններում հակադարձի անզուսպ ընդդիմադիրներին, հատկապես գոնե Զարուհի Փոստանջյանին՝ «կանայք՝ կանանց» սկզբունքով: Դե, նրանք էլ իրենց ուժերի ներածի չափով ինչ կարողանում, անում են: Մյուս «պրոբլեմային» պատգամավորին՝ Նիկոլ Փաշինյանին հակադարձողներն էլ Հայկ Բաբուխանյանը, Արտաշես Գեղամյանն են: Իսկ ԲՀԿ-ի «խոսողների» վրա «աշխատում» են Կարեն Ավագյանը և էլի մի քանիսը»:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: