Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական Contact.az-ից, Լիտվայի Սեյմի պատգամավաորների նախաձեռնությունը` ստեղծելու խորհրդարանական բարեկամության խումբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ, մտահոգություն է առաջացրել Բաքվում:

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարի տեղակալ Խալաֆ Խալաֆովը երկուշաբթի ընդունել է Բաքվում Լիտվայի դեսպան Արտուրաս Ժուրաուսկասին եւ հայտնել նրան պաշտոնական Բաքվի դժգոհությունը Լիտվայի Սեյմի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև բարեկամության խմբի ստեղծման վերաբերյալ:

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած մամուլի հաղորդագրության` Խալաֆովը տեղեկացրել է դեսպանին, որ Լեռնային Ղարաբաղի հետ նման խմբի ստեղծումը իբր թե խախտում է ոչ միայն ադրբեջանական օրենսդրությունը, այլև միջազգային իրավունքի նորմերը: Խալաֆովը լիտվական կողմին բողոքի նոտա է հղել: Ժուրաուսկասն էլ նշել է, որ ինքը հասկանում է պաշտոնական Բաքվի մտահոգությունը, և իր կառավարությանը կփոխանցի Ադրբեջանի դիրքորոշումը: Ըստ նրա` մի քանի պատգամավորների նախաձեռնությունը չի արտացոլում Լիտվայի Սեյմի և կառավարության դիրքորոշումը: