Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:
Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած` Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող` Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ։
Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։