Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, վարչապետը տարադրամի շուկայում առկա վերջին օրերի լարվածության, փոխարժեքի տատանումների և տարադրամի շուկայի կայունացմանն ուղղված կենտրոնական դրամատան քայլերի պարզաբանման համար ձայնը տվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին:
«Վերջին շրջանում միջազգային շուկաներում և տարածաշրջանում տեղի ունեցած զարգացումները, այդ թվում արժութային շուկայի մեծ տատանումները պատճառ են դարձել ներքին արժութային շուկայում դրամի արժեզրկմանը և ձևավորված որոշակի սպասումների ներքո հանգեցրել որոշակի տատանողականության աճին: Ցավոք, ձևավորված սպասումները այսօր հեռու են մեր տնտեսության հիմնարարներից, այդուհանդերձ, որոշակի մտավախության տեղիք են տվել, որովհետև նաև ճշգրտվում է փոխարժեքը: Վերջին մեր հայտարարությունները ուղղված էին դրամի սպեկուլյացիայից և անհարկի փոխարկումից զերծ պահելուն, քանի որ փոխարժեքի նման տատանողականության վարքագծի պայմաններում այն ունենում է բարձր ռիսկեր և չմասնագիտացված անձինք ակնկալվող օգուտի փոխարեն կարող են նաև զգալի վնաս կրել: ԿԲ-ն հաստատում է իր պատրաստակամությունը և ամենայն պատասխանատվությամբ է մոտենում իր գործառույթներին, որպեսզի կայունացնենք շուկայի իրավիճակը: Գործի ենք դրել մեր տրամադրության տակ գտնվող բոլոր հնարավոր գործիքները և միջոցները, այդ թվում Ռեպո շուկայում իրացվելիության կարգավորման միջոցով, լոմբարդային գործիքների միջոցով, արժութային սվոտներ առաջարկելու միջոցով և արժութային շուկայում տարբեր միջամտություններ անելու, որպեսզի կարողանանք տատանողականությունը հաղթահարել, բայց այն, ինչը դրսի շոկով է պայմանավորված, այդ ճշգրտումները, բնականաբար, պետք է իրենց տեղը գտնեն:
Կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են՝ կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը: Համեմատության համար ասեմ՝ մեր պահուստները համարժեք են շրջանառության մեջ գտնվող կանխիկ դրամին: Այդ իմաստով որևիցե խնդիր չենք տեսնում:
Բացի այդ, նաև ուզում ենք հավաստիացնել, քանի որ կան տարբեր մտահոգություններ բանկային համակարգի և դրա գործառույթների հետ կապված, որ բանկային համակարգի կայունությունը նույնպես ապահովված է, երաշխավորված է կապիտալի բարձր մակարդակով: Բանկերի արդեն իսկ մեծ և´ ակտիվները, և´ պարտավորությունները դոլարացված են, դոլարով են, և բանկերն իրենք էլ ունեն շատ մեծ դոլարային իրացվելիություն՝ և´ կանխիկ, և´ անկանխիկ, որը նույնպես համարժեք է շրջանառության մեջ գտնվող կանխիկին, այդ իմաստով էլ բանկերը պետք է ի վիճակի լինեն սպասարկելու մեր քաղաքացիների պահանջները:
Ուզում եմ նաև շեշտել, որ Կենտրոնական բանկի գնահատմամբ, մեր կանխատեսումներով, գների կայունության հետ կապված նույնպես զգալի ռիսկեր այս պահի զարգացումներով չենք տեսնում, և գնաճի ցուցանիշը 2014-15 թթ. կգտնվի նպատակային ցուցանիշի շուրջ՝ տատանումների թույլատրելի միջակայքում, որը մենք թվերով ասում ենք 4±1.5 տոկոսի շրջանակում: Այս տարվանը կլինի 4 տոկոսի շրջանակում, եկող տարի՝ 4±1.5 տոկոսի շրջանակում՝ հաշվի առած բոլոր վերջին զարգացումները և իրավիճակն արտարժութային շուկայում:»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին առաջարկել է կառավարության հաջորդ նիստում ներկայացնել ապրանքների գնաճի խնդիրը՝ փարատելու համար այն կասկածը, թե իրական գնաճը ոչ թե 5 տոկոս է, այլ 10-15 տոկոս: