Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, շարունակվում են քննարկումները ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցի վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Տ. Ուրիխանյանը:
«Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է: Այլ հարց է՝ Հայաստանը կարողանալո՞ւ է ինտեգրացիոն պրոցեսների ընթացքում ապահովել իր համար առավելագույն օգուտներ, խուսափել տնտեսական կորուստներից և ժողովրդի սոցիալական վիճակի՝ է՛լ ավելի վատացումից: Բայց սա այն հարցն է, որ մենք պետք է ուղղենք ոչ թե Ռուսաստանի, Բելառուսի կամ Ղազախստանի, այլ՝ Հայաստանի Հանրապետության գործող իշխանություններին: Ահա հենց այստեղ է, որ մենք ունենք հիմնավոր կասկածներ:
Խնդիրն ունի իր նախապատմությունը, և այսօր ստեղծված իրականությունը երկար ցավոտ պատմության ընդամենը վերջին կետն է: Կարևոր է, որ քաղաքական ուժերը, մեր հասարակության մտահոգ շրջանակները, ԵՏՄ և Եվրամիության մեր գործընկերները պատկերացնեն այն երեք հիմնական փուլերը, որոնցով այս հարցն անցել է:
ԲՀԿ –ն երբեք հակված չէ բացթողումների և սխալների համար մեղավորներ փնտրել դրսում՝ ՌԴ-ում, Ղազախստանում, Բրյուսելում կամ Վաշինգտոնում: Ոչ. որպես լուրջ և հայաստանակենտրոն քաղաքական ուժ, Բարգավաճ Հայաստանը միշտ գնացել և գնալու է լուծումների բանալին ներսում գտնելու ուղղությամբ»: