Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ ԱԺ-ում ընթանում են Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելու քննարկումները: Խորհրդարանում առկա տարբեր խմբակցություններ հայտնեցին իրենց դիրքորոշումը հարցի հետ կապված. ելույթները շարունակվում են մինչ այժմ: 

«Հայաստանի ժողովրդական կուսակցությունում, Վերակազմավորյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունում, Հայ ազգային կոնգրես կուսակցությունում և ՀԱԿ խմբակցությունում տեղի ունեցած քննարկումներից հետո, լիազորված եմ վերոհիշյալ կուսակցությունների անունից հայտարարել, որ խմբակցությունը կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին»,- ելույթի ժամանակ հայտնեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: 

Իսկ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկմանը «Ժառանգություն» խմբակցության անունից ԱԺ-ում ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, որը հայտնեց որ կուսակցությունը դեմ է քվեարկելու պայմանագրին և կոչ արեց բոլորին քվեարկել խղճի մտոք: 

Իսկ ԲՀԿ անունից ելույթ ունեցած Տիգրան Ուրիխանյանը հայտնեց. «Այսօր մենք քննարկում ենք մի հարց, որն ըստ էության լուծված է: Եվ իրականում կարիք չկա խնդիրը դրամատիզացնելու, որովհետև խոսքն ընդամենը ինտեգրացիոն գործընթացի մասին է, որը փոքր պետությունների համար շատ կարևոր երևույթ է»: ԲՀԿ-ն նույնպես կողմ կքվեարկի Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցելուն: