Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան գրասենյակը լրատվամիջոցներին այսօր հրավիրել էր հանդիպման, որի ընթացքում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը հանդես եկավ զեկույցով: Նրա գնահատմամբ՝ ֆինանսական ճգնաժամի հետևանքով ամբողջ աշխարհում տնտեսական վիճակը դեռևս փխրուն է և չի ապահովում նախաճգնաժամային մակարդակը:
«Ճգնաժամից աշխարհը դուրս է գալիս, սակայն դեռևս չի կարողացել վերականգնվել, և տարբեր երկրներում տարբեր ձև է վերականգնվում ու դրա համար տարբեր քաղաքականություն է անհրաժեշտ»,- ասաց նա:
Նա նշեց, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կանխատեսել է 5 տոկոս աճ, սակայն ԵՄ-ն շատ թույլ է իր տնտեսական վերականգնման տեսանկյունից: Նա նշեց, որ ԵՄ-ն դեռևս խնդիրների առաջ է կանգնած, ինչը վատ է անդրադառնում նաև այն երկրների համար, որոնք առևտրային հարաբերություններ մեջ են ԵՄ-ի հետ: Իսկ մեր տարածաշրջանի վերաբերյալ նա ասաց, որ այստեղ միջին ցուցանիշը հինգ տոկոս է և վիճակն այնքան էլ վատ չէ:
«Չինաստանը յոթ տոկոսով է աճում, ինչը նախկինում արձանագրված ցուցանիշից ավելի ցածր է, Ռուսաստանը աճը 0,5 տոկոս է նախատեսում, սակայն նվազման ուղղությամբ այս ցուցանիշը կճշգրտվի, և Ռուսաստանի իշխանությունները խոսում են տնտեսական անկման մասին»,- ասաց նա և նշեց, որ այս զարգացումները հետևանք են թողնում նաև Հայաստանի վրա:
Թերեզա Դաբան Սանչեսի կարծիքով այս տարին Հայաստանը կավարտի 2,6 տոկոս տնտեսական աճով, որը շատ ցածր է Հայաստանի պոտենցյալից, իսկ հաջորդ տարի՝ տնտեսությունը կաճի 3,3 տոկոսով՝ շնորհիվ որոշակի քաղաքականության և համաշխարհային զարգացումների:
Խոսելով նաև ռուբլու արժեզրկման մասին նա նշեց, որ այն Հայաստանի վրա ազդում է, տնտեսական աճը դանդաղում է՝ կապված երկու գործոնի հետ՝ դրամական փոխանցումների և արտահանման:
«Այս արժեզրկումը այնպիսի մեխանիզմ է, որի միջոցով տնտեսությունը ճշգրտվում է նոր իրավիճակի: Սակայն այս ազդեցությունը գնաճի վրա կառավարելի է: Այս իրավիճակում գնաճը շատ ցածր է և տնտեսության իրավիճակը հնարավորություն է տալիս կլանելու այս անցումային ազդեցությունները: Ամենակարևորը ֆինանսական կայունության պահպանումն է: Կառավարելի է դրամի արժեզրկումը, որովհետև գնաճը ցածր է Հայաստանում»,- ասաց նա:
Նա նկատեց, որ տրանսֆերտները դանդաղ տեմպով են աճում, քան նախկինում, որովհետև արտագնա աշխատանքի մեկնածները քիչ գումարներ են կարողանում ուղարկել: