Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) 7-րդ համագումարին: Հանրապետության ղեկավարը համագումարում հանդես է եկել մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով.

«Ողջունում եմ բոլորիդ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության 7-րդ համագումարում և հույս եմ հայտնում, որ այսօրվա քննարկումներն ի նպաստ կլինեն մեր ընդհանուր գործին, մեր տնտեսության զարգացման և առկա նոր հնարավորություններից օգտվելու արդյունավետ ճանապարհների ընտրությանը:

Այսօրվա ելույթս կբաժանեմ 3 մասի. ելույթի առաջին մասում կխոսեմ մինչ այսօր Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացների մասին, զուգահեռներ կանցկացնեմ այսօրվա և տնտեսական զարգացման մեր անցած ճանապարհի ժամանակահատվածների հետ: Երկրորդ կանդրադառնամ առկա տնտեսական մարտահրավերներին և այն օբյեկտիվ իրականությանը, որում Հայաստանը հայտնվել է՝ հաշվի առնելով նաև համաշխարհային տնտեսության միտումները: Երրորդ մասում կխոսեմ ապագա հեռանկարների և մեր անելիքների մասին:

Եվ այսպես, ինչպիսի զարգացումներ է ապրել մեր երկիրը և որտեղ է գտնվում այսօր: Այս համատեքստում կարելի է խոսել երկու խումբ ցուցանիշների մասին. առաջին խումբը տնտեսության զարգացվածության մակարդակը բնութագրող ցուցանիշներն են և երկրորդ խումբը՝ կյանքի որակը բնութագրող սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

Նախ` խոսենք տնտեսական զարգացումների մասին. գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր երկիր իր զարգացման պատմության ընթացքում անցնում է տնտեսական փոխարկումների փուլերով: Ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի մասնագետների՝ աշխարհի բոլոր երկրները դասակարգվում են զար-գացման 5 փուլերում գտնվող երկրների խմբերի, ընդ որում 3 փուլեր համարվում են հիմնական, իսկ 2 փուլ՝ մեկ հիմնական փուլից մյուսին անցնելու միջանկյալ փուլեր: Տնտեսական զարգացման առաջնային հիմնական փուլը էժան ռեսուրսների վրա հիմնված տնտեսությունն է, որին ներհատուկ է էժան և ցածրորակ աշխատուժի օգտագործմամբ վերջնական արդյունքի ստեղծումը, իսկ միջազգային շուկաներում այսպիսի երկրները մրցունակ են լինում հիմնականում հումքի արտահանմամբ: Այս տիպի երկրների տնտեսություններին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումների նկատմամբ թույլ դիմադրողականությունը, քանի որ տնտեսության հենքերը լինում են ոչ ամուր, ընդհանուր ռեսուրսների արտադրողականությունը ցածր և էապես կախված հումքի միջազգային գների վայրիվերումներից:


Տնտեսական զարգացման հաջորդ հիմնական փուլը արտադրական ռեսուրսների արդյունավետությամբ առաջ մղվող տնտեսություններն են: Այս տիպի երկրներին հատուկ է արտաքին աշխարհից եկող ցնցումներին դիմակայելու հարաբերականորեն ավելի բարձր կարողությունը, քանի որ ունենում են ավելի դիվերսիֆիկացված տնտեսություն և արտահանում, արտադրական գործոնների հարաբերականորեն ավելի բարձր արտադրողականությունը և օգտագործման արդյունավետությունը, միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների տատանումներից համեմատաբար քիչ կախվածությունը:

Տնտեսական զարգացման վերջին փուլը, որին ձգտում են բոլոր զարգացող երկրները, այդ թվում նաև Հայաստանը, նորարարությամբ առաջմղվող գիտելիքահենք տնտեսություններն են, որոնց ներհատուկ է համաշխարհային շուկաներում բարձր մրցունակությունը, տնտեսական ուժեղ հենքերը և արտադրական գործոնների բարձր արտադրողականությունը: Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ ցանկացած երկրի համար բոլոր փուլերով անցումն անխուսափելի է, և հնարավոր չէ անմիջապես ցատկել առաջին փուլից երրորդ փուլ կամ երկրորդ փուլից՝ չորրորդ փուլ: Սակայն հնարավոր է այս փուլերով արագ անցնել, եթե երկիրը ճիշտ տնտեսական քաղաքականության թիրախներ է սահմանում, ընտրում համապատասխան մարտավարություն և դրանց իրագործման գործում ագրեսիվ տնտեսական բարեփոխումներ իրականացնում: Սա է տնտեսական զարգացման ճիշտ բանաձևը, և սա է ընտրված որպես մեր տնտեսության քաղաքականության հենք:

Տնտեսական փոխարկերպումներով անխուսափելիորեն շարժվել է նաև մեր տնտեսությունը. Համաշխարհային մրցունակության համաժողովն այս տարվա իր զեկույցում արձանագրել է, որ Հայաստանը հաղթահարել է արդեն տնտեսական զարգացման առաջին երկու փուլերը և դասվել երրորդ փուլի՝ արտադրական ռեսուրսների արդյունավետության վրա հիմնված տնտեսություն ունեցող երկրների շարքին: Դա նշանակում է, որ համաշխարհային նոր շուկաներ գրավելու տեսանկյունից Հայաստանն արդեն մրցելու է ավելի արտադրողական և մրցունակ այս խմբի երկրների հետ: Իհարկե, սա կարևոր գնահատական է Հայաստանի տնտեսությանը և տեղափոխում է մեզ տնտեսական զարգացման նոր որակական հարթություն: Սակայն մյուս կողմից սա պարտադրող է, քանի որ հետագայում մրցունակ մնալու և տնտեսական աճ ապահովելու համար Հայաստանը պետք է հիմնվի առավել արդյունավետ արտադրական գործընթացների կազմակերպման և առավել բարձրորակ արտադրանքի թողարկման վրա: Կարծում եմ՝ սա կարևոր է ընկալելու ոչ միայն գործարար աշխարհի համար, այլ նաև տնտեսական քաղաքականության իրականացման պատասխանատուների համար, որոնք պետք է ապահովեն համապատասխան բարենպաստ տնտեսական միջավայրը՝ շարժառիթներ ստեղծելու գործարարների մոտ պարբերաբար նոր ներդրումներ կատարելու և թարմացնելու արտադրական հզորությունները: Դա անհրաժեշտ է տնտեսվարողներին, որպեսզի ոչ միայն արդյունավետ դիմակայեն արտաքին մրցակիցներին, այլ նաև նոր շուկաներ գրավեն կամ ամրացնեն իրենց դիրքերն առկա շուկաներում:

Հայաստանի տնտեսական զարգացման փուլային գործընթացները բացատրվում են նաև թվերով, որոնցից մի քանիսին հիմա կանդրադառնամ: Հետպատերազմյան ժամանակահատվածում Հայաստանի տնտեսությունը գտնվում էր զարգացման առաջին փուլում: Այդ ժամանակահատվածում տնտեսության բնութագրականներն էին աշխատավարձերի ցածր մակարդակը, որն, ի դեպ, արտացոլում էր աշխատուժի արտադրողականության ցածր մակարդակը, ոչ բարդ արտադրատեսակների արտադրությունը և այդ պատճառով արտաքին աշխարհի շուկաներ գրավելու թույլ կարողությունը, ներմուծման բարձր կշիռը ՀՆԱ-ի մեջ, փոքր արտահանման ծավալները: 1995թ-ին տնտեսության միջին աշխատավարձը կազմում էր ընդամենը $17.5: 1995թ-ին կարողացել ենք արտաքին աշխարհին մատակարարել շուրջ $303.6 մլն ապրանք և ծառայություն: Ընթացիկ հաշվի պակասուրդը նույն տարում եղել է ՀՆԱ շուրջ 17.2%-ը՝ հետագա մի քանի տարիներին շարունակելով աճել, ինչը նշանակում էր, որ մենք զգալի չափով մեր սպառումը բավարարում էինք արտաքին աշխարհի խնայողությունների օգտագործման հաշվին: Հարկերը կարողանում էինք հավաքել ՀՆԱ 8.2%-ի չափով, և Հայաստանն ուներ մոտավորապես 270 մլն ԱՄՆ դոլարին համարժեք բյուջե: Ֆինանսական հատվածն ի զորու էր տնտեսությանը մատակարարել սահմանափակ թվով ծառայություններ, ինչը վկայում է տնտեսության 6.1% դրամայնացման ցուցանիշը, և այս թվերը կարելի է շարունակել:

Տնտեսական զարգացման երկրորդ-անցումային փուլը Հայաստանի Հանրապետությունը թևակոխել է հազարամյակի սկզբներից: Համաշխարհային բարձր տնտեսական աճի միջավայրում օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը, հանքահումքային ապրանքների միջազգային գների աճի հաշվին արտահանումը և արտասահմանում ապրող և աշխատող մեր հայրենակիցների կողմից դրամական փոխանցումների աճող ծավալներն այն գործոններն էին, որ ապահովում էին արձանագրվող երկնիշ տնտեսական աճը: Այդ պայմաններում արդեն 2005 թվականին Հայաստանն ուներ մոտ 1 մլրդ ԱՄՆ դոլարանոց պետական բյուջե, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության շուրջ 17.0%-ի պայմաններում: Այդուհանդերձ տնտեսության կառուցվածքում սկսեց նկատվել ոչ արտահանելի հատվածի դերի ավելացում, որը շարունակվեց նաև հաջորդ տարիներին. հետագայում, օրինակ, շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասավ ընդհուպ 25.3%: Նման իրողությունների պայմաններում ՀՆԱ-ի մեջ արտահանման արդեն իսկ ձևավորված փոքր կշիռը՝ 15.1%, ազդակ էր, որ Հայաստանի տնտեսությունը կառուցվածքային խորը տեղաշարժերի և արտաքին ցնցումներին դիմակայելու կարողությունների աճի կարիք ունի:

2009 թվականի տնտեսական ճգնաժամն ի ցույց դրեց տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացման, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում աճի խթանման և արտահանմամբ ուղղորդված տնտեսական աճ ունենալու անհրաժեշտությունը: Դա կնվազեցներ մեր տնտեսության խոցելիության աստիճանը համաշխարհային տնտեսական ցնցումներից և կտեղափոխեր մեր տնտեսությունը զարգացման նոր որակական փուլ: Այս սկզբունքը դարձավ կառավարության միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման ծրագրերի հիմնաքարը, իսկ բիզնես միջավայրի բարելավումը և երկրի մրցունակության բարձրացումը՝ նպատակներին հասնելու միջոցներ:

Այսօր, եթե վերլուծենք տնտեսական կառուցվածքը բնութագրող ցուցանիշների միտումները, ապա պետք է փաստենք, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն աստիճանաբար վերականգնեցին իրենց դերը տնտեսության կառուցվածքում, իսկ դրան զուգահեռ նաև արտահանելի հատվածը սպասարկող ծառայությունների կայուն աճ արձանագրվեց: Այս տարվա արդյունքներով էլ պարզ կլինի, որ դիտարկված միտումները շարունակվում են. գնահատվում է, որ գյուղատնտեսության և արդյունաբերության ընդհանուր կշիռը ՀՆԱ-ում կկազմի 37.0%, իսկ ծառայություններն առանց առևտրի կհասնի ՀՆԱ շուրջ 32.0%-ի, փաստելով որ տնտեսական աճի ստեղծման շարժիչ ուժն աստիճանաբար տեղափոխվում է տնտեսության ավելի արտադրողական՝ արտահանելի հատված: Զուգահեռաբար ֆինանսական համակարգն ընդլայնել է տնտեսությանը մատակարարվող ծառայությունների ծավալը, որի պարագայում մոտ կրկնակի աճ է արձանագրվել տնտեսության դրամայնացման ցուցանիշում 2014թ-ի գնահատականի համաձայն հասնելով շուրջ 38.0%:

Արդյունքում 2014թ-ին Հայաստանի Հանրապետությունն արդեն ունակ է հավաքագրել ՀՆԱ-ի ավելի քանի 23 տոկոս հարկեր, իսկ բյուջեն մոտենում է 3.0 մլրդ ԱՄՆ դոլարի սահմանին»: