Արդյոք կարելի՞ է համարել հասարակությունը առողջ, եթե անկախության 23-րդ տարում նրանում ինչ որ մեկի լծի տակ մտնելու ցանկություն ունեցողներ կան…

Ես լավատես եմ, որովհետև` այդ մարդիկ կապ չունեն մեզ հետ, կապ չունեն Հայաստանի ապագայի հետ: Լավատես եմ, որովհետև տեսնում եմ, որ ստրկամտությունը համատարած չէ, լավատես եմ, որովհետև տեսնում եմ հասարակության դիմադրողականությունը ստրկամտության բացիլի դեմ, լավատես եմ, որովհետև ստրուկի տեսակի կողքին տեսնում եմ հայի ուժեղ ու կենսունակ տեսակը, ի վերջո լավատես եմ, որովհետև այդ ստրկամտության կողքին տեսնում եմ փոքր ուժերով մեծ խնդիրներ լուծելու սկզբունք որդեգրած բանակ:

Արցախյան պատերազմը հաղթել է հայի հենց այդ ուժեղ ու կենսունակ տեսակը, մարդիկ, ովքեր օրհասական պահին ոչ թե հույսը դրել են օտարի վրա, այլ կամք ու վճռականություն են ունեցել կռվելու, գիտակցել են, որ փոքր լինելը չի նշանակում լինել թույլ, մարդիկ, ովքեր ներքուստ ստրուկ չեն եղել, ու հաղթել են թշնամուն: Այդ մարդիկ այսօր բանակի ղեկին են, ու կայացնում են սեփական ուժերի հանդեպ վստահ զինվոր ու սպա, ովքեր փայլուն հատուկ գործողություններ են իրականացնում ու վերահաստատում, որ իրենք են «պահում» հաղթանակը, այլ ոչ թե օտարը:

Այդ բանակին նման ստրկամիտները արժանի չեն, այդ բանակին արժանի են հզորները:

Պետրոս Գերպեկչյան