Հունվարի 17-ին Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախընտրական պատվիրակության հաղորդագրությունը, որտեղ նշվել էր, որ ՀՀ-ում տեղի ունենալիք նախագահական ընտրություններն արդեն խաթարվել են անտարբերության և անվստահության մթնոլորտի պատճառով, ըստ ՀՀԿ-ական աղբյուրների, կարող է լուրջ հետք թողնել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետագա կարիերայի վրա: Նույն աղբյուրները հայտնում են, որ Սերժ Սարգսյանը, ում համար խիստ կարևոր է, որ փետրվարի 18-ի ընտրությունները անցնեն անաղմուկ և լավ տպավորություն թողնեն արևմուտքի վրա, չափազանց զայրացած է վերոնշյալ հայտարարությունից և մտադիր է նախագահի ընտրություններից հետո անձամբ զբաղվել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմով: Խոսվում է նաև, որ ըստ ամենայնի, Դավիթ Հարությունյանը հրաժեշտ կտա իր այդ պոստին ևս և ընդհանրապես, պատվիրակության կազմում, հնարավոր է, փոփոխություններ լինեն: Ինքը, Դավիթ Հարությունյանը, հիշեցնում է թերթը, շտապել է հայտարարել, որ այդ հաղորդագրությունը շատ հեռու է օբյեկտիվ լինելուց: Երեկ, երբ նրան ասել էին, որ թերթի տեղեկություններով, ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցը լուրջ խնդրո առարկա է դարձել իշխանական վերնախավում, և չի բացառվում, որ պատվիրակության ղեկավարը փոխվի, և թերթի հարցին` հնարավոր համարո՞ւմ է դա, նա պատասխանել է. «Դա լուրջ քննարկման առարկա է դարձել այնտեղ, ոչ թե այստեղ, իսկ պատվիրակության կազմը փոխվելու հետ կապված` այս պահին որևէ քննարկում չկա, սակայն ես չեմ բացառում, որ կազմը ընթացքում փոխվի, իհարկե, միշտ էլ կարող է փոխվել, նման խնդիր չկա»,-գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Սերժ Սարգսյանը կհեռացնի՞ Դավիթ Հարությունյանին


