Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի կողմից հրավիրված «Աշխարհն առանց Ցեղասպանությունների» թեմայով լսումներն էին, որի ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտարարեց, որ կգա մի օր, երբ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
«Գալու է մի օր, երբ Թուրքիան պատասխան կտա սահմանների փակ լինելու, Հայաստանին տնտեսապես ճնշելու համար: Պետք է Ցեղասպանության հետևանք համարել այն, որ մի ամբողջ ազգ տառապանքի, մտորումների մեջ է, որ մեկ տարվա ընթացքում միլիոնավոր զավակներ չծնվեցին: Մենք կորցրել ենք ամեն ինչ: Մնացել են պատմական հիշողությունները»,- ասաց նա։
Հրանուշ Հակոբյանի խոսքերով՝ պետք է շարունակել պայքարը, որքան էլ դժվար լինի և նկատեց, որ արդեն բանը հասել է այնտեղ, որ փաստաթուղթ է ներկայացվել մեջլիս՝ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, իսկ Կանաչների կուսակցությունն արդեն իսկ ճանաչել է այն: «Մենք հավատում ենք, որ առաջադեմ մարդիկ միանալու են մեր պայքարին»,- նշեց նա:
Ելույթի վերջում սփյուռքի նախարարը մեջբերեց Պարույր Սևակի «Անլռելի Զանգակատուն» ստեղծագործությունից մի հատված. «Ա՛խ, ինչպե՞ս, ո՞նց մոռանալ, արհավիրքն այն օրերի. Աշխարհում ով մոռանա, ջուխտ աչքով թող քոռանա...»: