Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին «Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր աշխատակիցներ: Նրանք պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Աշխատակիցները ստացել են աշխատանքային պայմանագրի դադարեցման մասին ծանուցագրեր, սակայն իրենք հրաժարվում են այն ստորագրել, քանի դեռ չեն ստացել հասանելիք աշխատավարձերը: 

«Վարչապետ» և «ամոթ» վանկարկումներին ի պատասխան ցուցարարների մոտ կառավարության շենքից դուրս եկավ նամակների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը: Սա իհարկե չբավարարեց նաիրիրտցիներին, որոնք պահանջում էին միայն վարչապետին: 

Քիչ առաջ առաջարկ եղավ նաև, որ բողոքողներից բաղկացած 5 հոգանոց խումբ բարձրանա վարչապետի մոտ, սակայն նաիրիտցիները այն մերժեցին՝ ասելով, թե վարչապետն ինքը պետք է իջնի: Ալեքսանդր Ղազարյանը ապարդյուն է փորձում համոզել նրանց կազմել 5 հոգանոց խումբ և բարձրանալ վերև: Կառավարության շենքի մոտ է նաև «Նաիրիտի» տնօրեն Ռուբեն Սաղաթելյանը: Նաիրիտցիները պատրաստվում են Կառավարության շենքի մոտ մնալ այնքան ժամանակ, մինչև վարչապետը հանդիպի իրենց բոլորի հետ։