Մարտի 19-ին ԱԳՆ-ում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի օրվան նվիրված ավանդական ընդունելությունը, որին ներկա էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ-ում հավատարմագրված՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների դեսպաններ, Հայաստանում գործող ֆրանսիական հաստատությունների ղեկավարներ, գիտակրթական ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Ընդունելությանը հանդես գալով ողջույնի խոսքով` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Մենք այսօր տոնում ենք նաև Հայաստանի անդամակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը, որը ֆրանկոֆոն ընտանիքում մեր երկրի համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային համագործակցության խորացման համար։

2013թ.-ի Ֆրանկոֆոնիայի մեկամսյակի մեկնարկը Հայաստանում, ինչպես ամեն տարի, առիթ է ընձեռում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 77 անդամ և դիտորդ երկրների հետ միասին տոնել մարտի 20-ին նշվող Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը և բազում միջոցառումներ կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում»:

Մարտի 19-ի Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում հանրաճանաչ երգչուհի Էլեն Սեգարայի գալահամերգով մեկնարկ կտրվի Ֆրանկոֆոնիայի ամսվա շրջանակներում Երևանում և Հայաստանի մարզերում կազմակերպվելիք ավելի քան 350 մշակութային, գեղարվեստական, կրթական և բուհական միջոցառումներին: