«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրիում թիվ մեկ թեման այս օրերին Ծառուկյանի դեկտեմբերի 8-ի այցն է եւ հատկապես դրա գումարային կողմը: Իսկ գլխավոր ինտրիգն այն է, թե ինչպես են բաժանվելու Ծառուկյանի տված միլիոնները:
Գագիկ Ծառուկյանը գնացել էր Գյումրի ոչ թե երկրաշարժի տարելիցի, այլ ԲՀԿ-ական ռեկտոր ունեցող մանկավարժական ինստիտուտի 80-ամյակի կապակցությամբ: Բայց սրա վրա մարդիկ այնքան էլ չեն սևեռվում: Ի տարբերություն իշխանական վերնախավի, նա, թեկուզ մեկ օր ուշացումով, գոնե երևաց:
Իհարկե, բոլորին հետաքրքրում է ԲՀԿ առաջնորդի բերած 45 մլն դրամը, որը նա հանձնել է քաղաքապետին՝ անապահովներին բաժանելու համար: Գյումրեցիներն անմիջապես զուգահեռներ անցկացրին գունավոր շատրվանների արժեքի հետ: Մոտավորապես այդքան՝ 40 մլն դրամ, Սամվել Բալասանյանը ծախսել էր Վարդանանց հրապարակի շատրվանները վերականգնելու նպատակով: Այն ժամանակ, հոկտեմբերին, մարդիկ, տեսնելով նոր շատրվանները, կասկածեցին, որ դրանք 40 մլն արժեն, մանավանդ, որ դրանք վերականգնողը Սամվել Բալասանյանի դասարանցու՝ Մկրտիչ Նալչաջյանի կազմակերպությունն էր:
Փարատելով համաքաղաքացիների կասկածները, Բալասանյանն իր ասուլիսում հայտնեց, որ շատրվանները լավ էլ պարում են. «Կարո՞ղ է մտածում եք, որ շալախո պիտի պարեն»: Բայց գյումրեցիները չհանգստացան: Շատրվանների վրա 40 մլն դրամ ծախսելը քաղաքում ընկալվեց որպես անհարկի ճոխություն, և հիմա մարդիկ ուզում են հասկանալ, թե ինչու է Ծառուկյանն աղքատների համար նախատեսված փողերը տվել քաղաքապետին, որն այնքան փող ունի, որ չգիտի, թե ինչպես և ինչի համար ծախսի: Կամ ինչո՞ւ է անհայտ չափի գումար տալիս իր կուսակից Մարտունիկին՝ «Գազելի» վթարից տուժածներին և մահացածների ընտանիքներին բաժանելու համար:
Մարտուն Գրիգորյանի կերպարը չի ասոցացվում բարեգործության հետ: «Լավ է, առիթ եղավ, որ գնա տեսնի «Գազելի» մարդկանց»,- ասում են գյումրեցիները և հիշեցնում, թե ինչպես ԲՀԿ շտաբը, որը 2011 թվականին հանդիսավորությամբ և Ծառուկյանի ու Մարտուն Գրիգորյանի պապի մասնակցությամբ բացվեց Խրիմյան Հայրիկ փողոցում (ի դեպ, իր պապին Մարտունիկն այդ օրը հատուկ էր ներկայացրել), 2012 թվականի ԱԺ ընտրություններից հետո վերածվեց «Վիագրա» շոու-ակումբի: Բացի դա, շատերը հիշում են, որ անցյալ տարի այս ժամանակ Ծառուկյանը, որպես ամանորյա նվեր, 60 մլն դրամ էր բերել Գյումրի՝ տնակներում բնակվող 3 հազար ընտանիքներին հանձնելու համար, բայց ոչ բոլորին էր գումարը հասել, և մեծ աղմուկ բարձրացավ: Այն ժամանակ քաղաքապետի հասցեին մեղադրանքներ հնչեցին, որ առաջինը Ծառուկյանի փողերից հասավ քաղաքապետարանի աշխատողների ծանոթներին, որ «ճիշտ» մարդիկ չեն փողերն ստանում: «Երբ որ այդ աղմուկը բարձրացավ, Բալասանյանն ստիպված եղավ իր միջոցներից ավելացնել գումարը, և ոչ թե 3 հազար տնակավոր գումարային օգնություն ստացան, այլ ավելի, յուրաքանչյուրին տրվեց 20 հազարական դրամ»,- պատմում է «Շիրակ» կենտրոնի տնօրեն Վահան Թումասյանը, որը մասնագիտացել է սոցիալական հարցերում, յուրաքանչյուր անապահով համաքաղաքացու անուն-ազգանունով, հասցեով կամ տնակի համարով գիտի:
Այս տարի էլ կենտրոնը 200 ընտանիքի փայտ է բաժանել և այժմ կազմում է երեխաներին բաժանվելիք սննդի և ամանորյա նվերների ցուցակները: Հարցին, թե ի՞նչ է կարծում, այս անգամ ինչպե՞ս պետք է Ծառուկյանի փողերը բաժանեն, որ կռիվ չլինի, Վահան Թումասյանը պատասխանեց. «Ես կողմ եմ, որ գումարները բաժանվեն ոչ թե տնակների բնակիչներին, այլ անապահովներին: Տնակ կա, որ տնից լավն է: Նախկին հանրակացարանների շենքերում ավելի վատ են ապրում, քան որոշ տնակներում: Տնակ կա, որ «Ֆոլկսվագեն» կամ «Ջիպ» է կանգնած առաջը, կամ տերերը «դաչա» են ստացել տնակից: Կարծում եմ, որ նույն ձևով չի կարելի բաժանել օգնության գումարները: Ճիշտ կլինի, որ սահմանափակեն դրանք ստացողների թիվը, տան, ասենք, 1500 մարդու: Այդ դեպքում յուրաքանչյուրը 30-40 հազար դրամ կստանա և կկարողանա հարց լուծել: Ամեն դեպքում, լավ է, որ քաղաք գումար է գալիս: Նախկինում միայն հանում էին, իսկ հիմա նաև գալիս է: Բալասանյանի ժամանակ դժգոհողները շատ են, բայց սա նաև դեմոկրատիայի հետևանքն է, որ մարդիկ չեն վախենում իրենց կարծիքն արտահայտել, իսկ դժգոհներ միշտ էլ կլինեն: Հիմա եթե մեկին հանկարծ գումար չտաս, չեն լռի, անմիջապես կբողոքեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում