Կարեն Անդրեասյանն այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ առաջին անգամ ութ ոլորտի ղեկավարների՝ մարդու իրավունքների խնդիրների շուրջ կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը հայտարարեց, որ այս տարի Հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի իրավունքը, դա նրանց հերոսության հետևանքն է:

Կլոր սեղանի քննարկումներին մասնակցում են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:

Կարեն Անդրեասյանը նշեց, որ ծեծը, բռնությունը կաշառակերությունը վերջին տարիներին գրեթե վերջացել են. «Դա նկատելի է բոլորի համար: Այս դրական ֆոնի վրա կա խնդիր, որ մենք կուզենայինք աշխատել ոստիկանության հետ: Դա խաղաղ հավաքներն են»:

«Քննչական կոմիտեի աշխատանքների մասին պետք է նշել, որ մի շարք ձեռքբերումներ ենք ունեցել,–ասաց Կարեն Անդրեասյանը՝ ավելացնով, որ Կրթության նախարարության հետ աշխատանքներում ևս եղել են ձեռքբերումներ,-պետք է հատկապես առանձնացնեմ ներառական կրթության մասին դրույթը, որը շոշափելի ձեռքբերում է»:

Կարեն Անդրեասյանը հատուկ շնորհակալություն հայտնեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին. «Այս տարի Հայոց բանակը պաշտպանեց բոլորիս կյանքի իրավունքը, դա նրանց հերոսության հետևանքն է: Զորակոչը մաքրվել է բժշկական մանիպուլյացիաներից»։