Ուղերձ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի Շնորհավորական ուղերձը ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ
Սահմանադրության օրվա առթիվ

 Սիրելի հայրենակիցներ,

Արցախի իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա առթիվ:
Այս օրը մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ մտավ որպես նոր ճանապարհի սկիզբ, որն ազդարարեց ժողովրդավարական սկզբունքների, համամարդկային ու ազգային արժեքների վրա հիմնված ազատ ու անկախ պետություն եւ քաղաքացիական հասարակություն կառուցելու արցախահայության անսասան որոշման մասին: Ինչպես 1991թ. Անկախության հանրաքվեն, այնպես էլ 2006թ. մեր երկրի հիմնական օրենքի` Սահմանադրության ընդունումը մեկ անգամ եւս վկայեցին, որ Արցախի ժողովուրդը վճռական է եւ պատրաստ պաշտպանելու իր շահերն ու ազատությունները, պաշտպանելու միջազգային իրավունքի նորմերին ու չափանիշներին համապատասխան:
Մեր ընտրած ճանապարհն այլեւս անշրջելի է, քանի որ այն արդար է եւ սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Մենք պարտավոր ենք օր օրի ամրապնդել մեր պետականությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մարդկանց կենսապայմանները: Պարտավոր ենք իրականություն դարձնել մեր ժողովրդի իղձերն ու ցանկությունները` հետեւելով օրենքի տառին ու ոգուն եւ ստեղծելով ուժեղ իրավական պետություն: Դա է Արցախի բարգավաճման եւ նրա միջազգային ճանաչման, առաջադեմ հանրությանն ինտեգրվելու մեր միակ ուղին: Եվ ուրախալի է, որ աշխարհում տարեցտարի աճում է Արցախի բարեկամների թիվը, ովքեր հարգում ու գնահատում են ժողովրդավարության ուղին բռնած մեր քաղաքացիների որոշումն ու ջանքերը: Դա շարունակական գործընթաց է, որն անպայման կհասնի իր տրամաբանական ավարտին, եւ Արցախն իր արժանի տեղը կզբաղեցնի ինքնիշխան ու զարգացած պետությունների շարքում:
Թանկագին արցախցիներ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիս մեր այս կարեւորագույն պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք: