Այսօր «Ելակետ» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս «Հայ-գերմանական համագործակցությունը մեդիա ոլորտում» թեմայով:

Դեկտեմբերի 8-12-ը «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվում է Հայ-գերմանական ժուռնալիստական դպրոց ծրագիրը, որի շրջանակներում Հայաստան է այցելել համագերմանական Tageszeitung (taz.de) օրաթերթի արտասահմանյան լուրերի բաժնի գլխավոր խմբագիր Բարբարա Օերթելը: 5-օրյա դասընթացի շրջանակներում երիտասարդ ժուռնալիստներն ու դասախոսները հնարավորություն ունեն փորձի փոխանակություն իրականացնել գերմանացի գործընկերների հետ: Ասուլիսի ընթացքում ծրագրի կազմակերպիչները մեծ գոհունակությամբ հայտնեցին համատեղ աշխատանքի արդյունքներից:

«Սա ինձ համար առաջին փորձ էր: Եվ ինձ համար շատ հաճելի էր, չնայած այն հանգամանքին, որ ես հիմնականում հայերեն չեմ հասկանում: Ամենը ինչ ես տեսել եմ դա ակտիվ երիտասարդությունն է, որը շատ բաց է, հետաքրքրասեր և ես նույնիսկ զարմացած էի: Ես կարծում եմ անպայմանորեն անհրաժեշտ է իրականացնել որոշակի ներդրումներ այս ոլորտում և դրական արդյունքները տեսանելի կլինեն»,- ասաց Բարբարա Օերթելը:

Բարբարան նշեց, որ իր համար հատկապես հետաքրքրական էր այն փաստը, որ Գերմանիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում լրագրության ոլորտում առկա խնդիրները գլոբալ առումով նույնն են, չնայած, իհարկե կան առանձնահատկություններ կապված հանգամանքների հետ:

YerevanNews.am-ի լրագրողի այն հարցին, թե հնարավոր է արդյո՞ք պահպանել խոսքի ազատությունը Հայաստանում և որքանով է, ըստ Ձեզ, դժվար հետխորհրդային երկրներին պահպանել խոսքի ազատության իրավունքը ու միաժամանակ դուրս չգալ լրագրողական էթիկայի սահմաններից, Օերթելը պատասխանեց.

«Սա իրականում շատ բարդ խնդիր է: Եթե քեզ սպառնում է մի քանի տարվա ազատազրկում, ապա 3 անգամ կմտածես ինչ-որ բան գրելուց առաջ: Ամբողջ աշխարհում հիմա շատ յուրօրինակ իրավիճակ է ստեղծվել և Ձեր հարցին պատասխանելու համար ուղղակի կնշեմ, որ դա իսկապես բարդ է: Սակայն, սա չի նշանակում, որ պետք չէ ձգտել դրան: Ես այսպիսի զարգացում տեսնում եմ Հայաստանում, պետք է լավատեսորեն մոտենալ խնդրին»:

«Հուսով եմ, որ ծրագիրն ինչ-որ չափով նպաստեց մասնակիցներին, քանի որ մեր նպատակը հենց դա էր»,- ավելացրեց Արման Ղազարյանը: