Այսօր լրագրողների հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծիք հայտնեց, որ թեև ԱՄՆ դոլարի գինը շարունակում է բարձրանալ, իսկ դրամը արժեզրկվել, և թվում է Կենտրոնական բանկի կողմից ամեն օր իրականացվող աճուրդները արդյունավետ չեն, բայց որևէ մեկը չգիտի, թե ինչ իրավիճակ կստեղծվեր, եթե ԿԲ-ն չկիրառեր այս գործիքը:
«Կան հետազոտություններ, որոնք ցույց են, որ ինտերվենցիաները արդյունավետ են ազդում նման իրավիճակներում, որպես օրինակ կարող եմ Ավստրալիան բերել։ Բայց կան ուսումնասիրություններ, որոնք ասում են, որ արդյունավետ չէ, բերեք ազատականացնենք շուկան: Հարցն այն է, թե ինչ անել նման իրավիճակում: Ես կողմ եմ այս ամենօրյա ռեժիմով ինտերվենցիաներին, քանի որ եթե հաշվի առնենք ամանորյա թոհուբոհը, անորոշությունը շատ մեծ էր լինելու հասարակության շրջանում: Հիմա ԿԲ-ն որոշակիորեն մեղմում է դրանք»,- ասաց նա:
«Ինձ թվում է, որ եթե ԿԲ-ն չկիրառեր այս գործիքը դրամը ավելի մեծ ծավալով կարժեզրկվեր: Դեկտեմբերի 20-ից մենք հաստատապես կունենանք կանգառ ինչ-որ մի կետում, դրանից հետո որոշակի՝ մի քանի դրամի իջեցում կլինի»,- ավելացրեց նա և նշեց, որ ամեն դեպքում ձմռանը դժվարություններ սպասվում են՝ հաշվի առնելով նաև այն, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին:


