ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանելով Tert.am-ի հարցերն խոսել է վերջին օրերին ազատամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպերի ու դրանց վերաբերող արձագանքների մասին:
-Պարո´ն նախարար, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին ազատամարտիկների հետ տեղի ունեցած միջադեպերն ու դրանց վերաբերող արձագանքները:
-Արցախյան ազատամարտի մասնակիցների դեմ կատարված բռնարարքների հաջորդ իսկ օրն առաջիններից մեկն եմ հրապարակավ դատապարտել ազատամարտիկի արժանապատվությունը վիրավորելու յուրաքանչյուր դրսևորում և խոստացել եմ հնարավորությունների սահմաններում պարզել կատարվածի բոլոր հանգամանքները, որից հետո տալ համարժեք գնահատական: Սակայն վճռաբար մերժում եմ իրավապահ մարմիններին օգնելու փոխարեն ցանկացած միջադեպ քաղաքականացնելով` հասարակության ու ազատամարտիկների շրջանում պառակտում մտցնելու փորձերը:
Ես քաջածանոթ եմ իմ զինակից ընկերներին հուզող հարցերին, որոնք միշտ եղել են պաշտպանության նախարարության և անձամբ իմ ուշադրության կենտրոնում: Դրա պարզ վկայությունն այն իրողությունն է, որ հասարակության հետ իմ հանդիպումների գերակշիռ մասը լինում են ազատամարտիկների, պահեստազորի սպաների կամ մեր զոհված և վիրավորված մարտընկերների ընտանիքների անդամների հետ: Ես և պաշտպանության նախարարության ու զինված ուժերի ղեկավար կազմը միշտ ձգտել ենք հնարավորության սահմաններում գտնել նրանց ունեցած խնդիրների լուծումները, և համոզված եմ, որ այդ ուղղությամբ կատարված անգամ փոքրիկ աշխատանքն անհամեմատ նախընտրելի է երեսպաշտ ու ամբոխահաճո հայտարարություններից: Մանավանդ, որ երկրի ղեկավարությունը մեզանից պահանջում է այս ամենի ապահովումը և հստակ կատարումը:
Դեռ ավելին՝ երկրի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը իր խիստ վրդովմունքն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ և իրավապահ մարմիններից պահանջել է իրենց իրավասությունների շրջանակներում գործուն միջոցներ ձեռնարկել նախկին կամավորականների արժանապատվությունը պաշտպանելու համար՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից:
- Բայցևայնպես՝ այդօրինակ հայտարարություններից հետո հնչեցին նաև դեկտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հավաքվելու կոչեր:
-Մենք երբեք հակադիր խրամատներում չենք եղել, պատերազմի ծանրագույն տարիներին ու հետո նույն նվիրական խնդիրն ենք կատարել, ու թեև այսօր շատ հարցերի նկատմամբ տարբեր ըմբռնումներ, մոտեցումներ, ինչպես նաև՝ հասարակության մեջ տարբեր պահվածք ունենք, ոչ ոք չպիտի փորձի ազատամարտիկներին թշնամական ճամբարներում ներկայացնել և վատ բեմադրված դրամատիզմ հաղորդել այս միջադեպերին: «Եռաբլուրը» սրբատեղի է և չի՛ կարելի քաղաքական այսրոպեական նկրտումներով շահարկումների բեմահարթակ դարձնել մեր զոհված ընկերների այս սուրբ պանթեոնը:
Կրկին դատապարտելով անձի արժանապատվության դեմ կատարված ցանկացած ոտնձգություն և հաստատակամ լինելով պաշտպանելու ազատամարտիկների իրավունքները՝ իմ զինակից ընկերներին կոչ եմ անում հանդես բերել ողջամտություն ու սպասել իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքներին, այլ ոչ թե ականջալուր լինել քաղաքականացված հայտարարություններին:
Միաժամանակ, բոլոր այն գործիչներին, ովքեր իրենց նկրտումներին հագուրդ տալու ճանապարհին ցանկանում են օգտագործել նախկին կամավորականների ունեցած հեղինակությունը և նրանց ներքաշել տարբեր արկածախնդրությունների հորձանուտ, վճռաբար հորդորում եմ զերծ մնալ նման գայթակղությունից և չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք հանգեցնելու են ազատամարտիկների պատվի և արժանապատվության արատավորմանը: