Голос России ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը  նշել է այն պայմանը, որի դեպքում հայ-թուրքական սահմանը կբացվի:

«Թուրքիայի և Հայաստանի սահմանը կբացվի միայն փաթեթային կարգավորման դեպքում, և դա վերաբերում է ինչպես թուրք-հայկական, այնպես էլ հայ-ադրբեջանական հարաբերություններին»,-ասել է Մահչուփյանը:

«2015թ.-ի ապրիլի 24-ը շատ խորհրդանշական ամսաթիվ է, և դրա մոտենալն ավելացնում է հայկական միջավայրում ծայրահեղականության աճը: Նրանք դրան մոտենում են ոչ փոխզիջումային դիրքերից»,-ասել է դիվանագետը:
Մահչուփյանը թերահավատորեն է մոտեցել այն փաստին, որ  Թուրքիան այնպիսի քայլեր կձեռնարկի, որոնք կբավարարեն հայկական կողմի պահանջները:

«Հայկական կողմի նման մոտեցման պարագայում ցեղասպանության և սահմանի բացման հարցում Թուրքիայի կողմից որևէ զիջում հնարավոր չէ»,- հայտարարել է Մահչուփյանը:

Ըստ նրա, եթե նույնիսկ Թուրքիայի կողմից քայլեր ձեռնարկվեն, ապա միայն մեկ տարի անց, քանի որ միայն այդ ժամանակ կրքերը կհանդարտվեն:

Նա նաև նշել է, որ այս տարի առաջին անգամ Թուրքիայի վարչապետը՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այդ հարցի առնչությամբ ուղերձով էր հանդես եկել, ցավակցել էր ու մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները համարել «երկու ազգերի ընդհանուր ցավ»: Նրա խոսքով՝ դա որոշակի շեմ է, որից ներքև թուրքական կողմը չի իջնի:

Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, և Անկարայի նախաձեռնությամբ հայ-թուրքական սահմանը փակ է 1993թ.-ից: