Սարի թաղում նախօրեին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում է ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ենթաշտաբներից մեկի պատասխանատուն: Բանն այն է, որ Սարի թաղի բնակիչ 43-ամյա Սերգեյ Գալստյանը վիճաբանել է «Օդոլ» մականունով հայտնի Էդիկ Հակոբյանի հետ: Վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Օդոլը կրակել է Սերգեյի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետևանքով վերջինս մահացել է: Այժմ ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Օդոլի նկատմամբ: Սարի թաղի բնակիչները երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել են, որ Օդոլը երկար տարիներ աշխատել է Հանրապետական կուսակցության համար և հիմա էլ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն է: Մեկնաբանությունների համար թերթը դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանին, որը, սակայն, նշել է. «Խնդրին ծանոթ չեմ և այս առումով որևէ պարզաբանում չեմ կարող տալ»,-գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Սպանության մեջ կասկածվում է ՀՀԿ-ական Օդոլը


