«Հրապարակ» թերթը գրում է.
«14-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ էին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերի 35 համայնքներում, որոնցից 26-ում` համայնքի ղեկավարի և 9-ում` ավագանու անդամի: 26 համայնքներում համայնքի ղեկավարի ընտրություններում գրանցվել էր 60 թեկնածու, որից 18-ը սահմանված ժամկետում ներկայացրել էր ինքնաբացարկի դիմում: Արդյունքում՝ քվեարկությանը մասնակցել է 42 թեկնածու:
Ամենաուշագրավը Կոտայքի մարզի Քաղսի գյուղում ընթացող ընտրություններն էին երկու ՀՀԿ-ական թեկնածուների՝ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի և Սահակ Ալեքսանյանի միջև: Նրանք մրցակիցներ են եղել նաև նախորդ ընտրություններում: Քաղսեցիները մտավախություն ունեին, թե շատ լարված ընտրություններ կլինեն, նաև բախումներ էին ակնկալվում: Գյուղացիներից տեղեկացանք, որ գործող գյուղապետը, ում սատարում էր տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, խայտառակ պարտություն է կրել՝ հավաքելով մոտ 300 ձայն: Իսկ Ս. Ալեքսանյանին աջակցում էր նրա հորաքրոջ որդին՝ Արամ Վարդանյանը, ով հանրությանը հայտնի է որպես Վստրեչի Ապեր: Գյուղացիներն ասացին, որ Սահակ Ալեքսանյանն ընտրություններից առաջ ամբողջ գյուղին պարկով ալյուր է բաժանել: Անգամ գործող գյուղապետ Սեդրակ Դավթյանի տուն են ալյուր տարել: Ալյուրը պարկով դրել են դարպասների մոտ ու հեռացել: Բարեբախտաբար, ընտրությունների ժամանակ որևէ միջադեպ չի գրանցվել, բոլորը միահամուռ գնացել են քվեարկության: Ալեքսանյանն ստացել է 1052 ձայն»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: