Աշխարհում տեղի ունեցող զարգացումների ֆոնին Հայաստանում բոլոր ոլորտներում ակնհայտորեն նկատելի դարձավ գնաճը: Թանկացավ կաթնամթերքը, միսը, հացաբուլկեղենը և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ: Այս իրադարձությունները փորձագետները կապում են ՀՀ դրամի տատանողականության աճի և արժեզրկման հետ: ՀՀ Կենտրոնական Բանկը հանդես եկավ բազմաթիվ հայտարարություններով, որոնցով հավաստիացնում էր, թե իրավիճակը «վերահսկողության» տակ է:
Նավթի շուկայում գների նվազման հետ մեկտեղ, ամբողջ աշխարհում նվազում է նաև բենզինի գինը: Տրամաբանական կլիներ, եթե հայաստանյան շուկայում նույնպես դիտարկվեր բենզինի գների նվազման միտում: Բայց, արի ու տես, որ Հայաստանի համար սովորական դարձած պարադոքսալ երևույթները առկա են նաև այստեղ: Ռուսաստանյան նավթային շուկայում իրավիճակը նույնպիսին է. բենզինի գինը ոչ մի կերպ չի իջնում:
Բոլորովին վերջերս՝ դեկտեմբերի 10-ին, Հայաստանում թանկացավ նաև ավտոմեքենաների գազալիցքավորման գինը: Նախկին մեկ խմ գազի 190 դրամի փոխարեն վարորդները ստիպված են վճարել 230 դրամ:
Որպես թանկացման պատճառ հնչեց հետևյալ կարծիքը՝ գազալցակայանները գազը գնում են «Գազպրոմ-Արմենիայից» դոլարային հաշվարկով՝ վճարելով 1000 խմ-ի համար 277 դոլարին համարժեք դրամ: Իսկ այժմ, երբ մեկ դոլարը սկսել է վաճառվել գրեթե 520 դրամով, պետք է ակնկալել գազալիցքավորման գնի էլ ավելի աճ:
Ամանորյա անակնկալները շարունակվում են...