Հայաստանում ստեղծված ներկայիս տնտեսական վիճակից դուրս գալու համար, ըստ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի, ընդամենը մեկ ձև կա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փորձագետն ընդգծեց, որ ազգի վերնախավի ներկայացուցիչները պետք է մի կողմ դնեն անհատական հավակնությունները, սկսեն ինքնակազմակերպվել և երկիրը դուրս բերել տնտեսական ստեղծված վիճակից։
«Եթե էլիտան իր այս առաքելությունը չանի, վստահեցնում եմ՝ ծանր փուլ է սպասվում: Այդ ժամանակ, եթե մնանք որպես պետություն՝ շատ լավ, բայց ի՞նչ կերպ կմնանք, իսկ եթե չմնանք, պետք է որևէ մեկին չմեղադրենք: Բոլոր նրանք, ովքեր կառաջարկեն այլ ճանապարհներ, այդ ուժերը միայն Հայաստանում «մայդան» կսարքեն: Իսկ դրանք գիտենք ինչպես են վերջանում՝ այնպես ինչպես Սիրիա, Իրաք, Ուկրաինա և այլն»,- ասաց նա:
Հարություն Մեսրոբյանն ընդգծեց հասարակությունը, իշխանությունը և ընդդիմությունը ադեկվատ չեն՝ հասկանալու իրավիճակը:
«Մենք մինչև մեր գրպանին չի խփում, անտարբեր ենք, ուշադրություն չենք դարձնում կանխատեսումներին: Սա բնորոշ է սպառողական հասարակարգերի համար, իսկ մենք նույնպես այդպես ենք և մեր մտագործունեությունը սկսում ու ավարտվում է ստամոքսով»,-ասաց նա:
Հարություն Մեսրոբյանն, անդրադառնալով դրամի արժեզրկմանը և դոլարի փոխարժեքի տատանումներին, ավելացրեց, որ երկար ժամանակ դոլարը լուրջ խնդիրներ ունի և այսօր դոլարի տերերին ձեռնտու չէ, որ մոլորակը կայուն լինի:
«Եթե գանք Հայաստան, տարեց տարի մեր պետությունը անմրցունակ է այդ մարտահրավերիներն: Բոլորս ենք անմրցունակ՝ ընդդիմությունը, իշխանությունը, քաղաքացիական շարժումները, տանը նստողները: Իսկ մարտահրավերերը սաստկանում են ու մոտենում կրիտիկական կետին»,– ասաց նա։
«Ընդհանրապես ավելի վտանգավոր են փոխարժեքի տատանումը, քան փոխարժեքի գինը, որովհետև հենց այդ ժամանակ են որոշ շրջանակներ փողեր դիզում: Ամեն տատանման ժամանակ փոխարժեքի մարժայի չափով և բազմապատկած ներդրված սպեկուլյատիվ միջոցները, ահռելի գումարներ են ստացվում: Տուժում է ժողովուրդը, շահում են ինչ–որ մարդիկ»,- ասաց Հարություն Մեսրոբյան և ընդգծեց, որ պետք է սպասել նոր արհավիրքների:


