Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում այսօր՝ դեկտեմբերի 17-ին, վաղ առավոտից գազի թանկացման դեմ բողոքող երթուղային տաքսիների մի քանի տասնյակ վարորդներ, տեղի տալով փոխքաղաքապետ Ալբերտ Գեւորգյանի և Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հորդորներին, ճանապարհից հեռացրին երթուղային տաքսիները, սակայն շարունակելու են գործադուլը վերջնակետերում մինչև հարցին լուծում չտրվի:

«Վարորդների հետ բանակցում ենք, որ շարունակեն աշխատել, երթուղի դուրս գալ, մինչև տեսնենք՝ հարցին ինչ լուծում ենք տալիս: Մենք չենք կարող գազի գինն իջեցնել, պետք է սպասարկողների հետ քնարկենք խնդիրը, տեսնենք՝ ինչ լուծում կարելի է տալ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հենրիկ Նավասարդյանը:

Երևանի փոխքաղաքապետ Ալբերտ Գևորգյանն էլ ասաց, որ ստեղծված իրավիճակում միակ լուծումը գազի գնի իջեցումն է և գծատերերին վճարվող օրավարձի նվազեցումը, որպեսզի վարորդները կարողանան շարունակել աշխատել: