ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ ՀՀ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա, և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկն անհրաժեշտ չափով արտարժույթի ծավալների հնարավորություն ունի:

«Իրավիճակը փոխվել է, ես չեմ ուզում խոսել պատճառների և իրադարձությունների մասին: Այսօրվա իմ նպատակն է մի քանի անժխտելի փաստեր ներկայացնել և ասել պատճառները: Ներկայումս դոլարը գերարժևորված է, դրա հիմնական պատճառներն են խուճապային իրավիճակը և որոշ տնտեսվարողների կողմից սպեկուլյատիվ գործողությունները: ՀՀ դրամը գերարժեզրկված է և սպեկուլյատիվ իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը կարժևորվի»,-արձանագրեց ԿԲ նախագահը: Նա նաև  հորդորց զերծ մնալ փոխարկումներից, ձեռնպահ մնալ փոխարժեքի տատանումների վրա գումար աշխատելուց:

«ՀՀ-ում առևտուր իրականցվում է ՀՀ դրամով, ձեզ ոչ ոք իրավունք չունի պարտադրել, որ դուք վճարեք արտարժույթով»,-ասաց նա:

Խոսելով բանկային համակարգի մասին ՝ ԿԲ նախագահը վստահեցրեց, որ այսօր գործում է հուսալի և կայուն բանկային համակարգ: Բանկերը կարող են սպասարկել իրենց բոլոր պարտավորությունները: ԿԲ-ն սահմանափակում չի դրել և չի դնելու բանկերի վրա: Կենտրոնական բանկը կպատժի այն դեպքում, երբ բացահայտվի, որ բանկերը հրաժարվում են սպասարկել հաշիվները և ավանդները:

«Եթե նման դեպքեր լինում են, մեզ անպայման տեղեկացրեք: Մեր այս պահին ունեցած ռեզերվներն ապահովում են չափից ավելը, որը նախատեսված է միջազգային պրակտիկայով: Այս պահին մենք ունենք մոտ երեք ու կես ամսվա ծածկույթ. դա նշանակում է, որ մենք արտարժույթի խնդիր այս պահին չունենք»,-ասաց նա:

ԿԲ նախագահի խոսքով՝ բանկերը փող ունեն, ուղղակի այդ փողի մի մասը Հայաստանում է, մի մասը՝ դրսում, եթե նույնիսկ Հայաստանում բոլորը որոշեն փոխարկել իրենց դրամն այլ արժույթով, իրենք այդ հնարավորությունն ունեն: