Վարորդներն այսօր գործադուլ են հայտարարել և պահանջում են վերանայել տրանսպորտի սակագինը. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին խոսեց փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:

«Այսպես ասած՝ չոբան հաշվարկով 300 դրամից ոչ պակաս պետք է կազմի տրանսպորտի գինը մայրաքաղաքում»,- հայտարարեց նա:

«Հարցը պետք է լուծվի ցիվիլ ճանապարհով, ծախսերի հաշվարկները կան, և այդ գնի եղած սահմաններում պետք է մի մասն իշխանությունը վճարի, մի մասը՝ ուղևորները»,-ասաց նա, սակայն նշեց, թե ուղևորը կարող է նորից վճարել 100 դրամ, իսկ մնացած մասը պետությունը պետք է սուբսիդավորի, որը ոչ պակաս է, քան 200 դրամ՝ յուրաքանչյուր ուղևորի համար:

Հրանտ Եղիազարյանը նշեց, թե իրենց գրավոր և բանավոր դիմումներին քաղաքապետարանը չի արձագանքում և դեռ ավելին՝ պահանջում է շարունակել փոխադրումները՝ ելնելով պայմանագրի պահանջից, որ պետք է առնվազն 40 օր առաջ դիմում գրել, որ հրաժարվում են գիծը սպասարկելուց:

Գազի թանկացումը վարորդներն իրենց գրպանից են վճարում, բայց նրանք պահանջում են ոչ թե ուղեվարձի բարձրացում, այլ հասույթի պլանի նվազեցում, որն օրական կազմում է 11 500 դրամից մինչև 14 500 դրամ: