Ղազախստանի հյուսիսային Կալաչի գյուղում առեղծվածային համաճարակ է տարածվել, որը ստիպում է մարդկանց օրեր շարունակ քնել ու չարթնանալ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այս իրավիճակը գյուղում տիրում է արդեն 4 տարի, և բժիշկներն անզոր են բացատրել դրա առաջացման բուն պատճառը:
Տեղաբնակները պատմել են, որ քնելու հետ կապված խանգարումը գնալով ավելի է խորանում: Նրանց խոսքերով՝ գյուղի 600 հոգանոց բնակչության 14%-ը գնվում է հիվանդության ազդեցության տակ:
Հեռավոր գյուղի բնակիչներն ապրում են անդադար վախով, որ մի օր իրենք կարող են քնել ու այլևս չարթնանալ: Աղբյուրը մանրամասնում է , որ այս ամառ 60 մարդ է տեղափոխվել հիվանդանոց քունն անընդհատ տանելու, հիշողության հետ կապված խնդիրների, թուլության պատճառով: Նրանց մի մասն անգամ հալուցինացիաներ է ունեցել:
Տեղաբնակներից շատերը հավատում են, որ տարօրինակ համաճարակի պատճառը գյուղի հարևանությամբ գտնվող ուրանի հանքերն են, որոնք ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լքվել են: