Գազի գինն այսօր՝ դեկտեմբերի 18-ին, առավոտից կարգավորվել է՝ 230-ից դառնալով 200 դրամ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։
«Երեկ դոլարը գերարժեվորվել էր, արժեզրկվել էր դրամը, բայց հիմա կարծես իր տեղը կգտնի: Դա տարածաշրջանային զարգացումների արդյունքում է, որևէ ներքին տնտեսական խնդիրներ չունենք, մեր բանկերն ունեն այդ ֆինանսական ռեսուրսները: Ես համոզված եմ, որ որևէ քաղաքացի որևէ հարցում վնաս չի կրի: Մենք վստահ ենք, որ ապագայում որևէ ցնցում չի լինի, ինչպես եղավ երեկ: Գազի կայաններում վերականգնվել է 200 դրամ լիցքավորումը, այնպես որ այսօր առավոտյան այդ հարցը կարգավորվել է, երեկ 230 էր դառել, այսօր առավոտվանից 200 է»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ արդեն երկրորդ օրն է, ինչ մայրաքաղաքի երթուղիները սպասարկող վարորդները բողոքի ակցիաներ և գործադուլներ են անում՝ պահանջելով կամ գազի գնի իջեցում կամ ուղեվարձի բարձրացում, քանի որ դրամի արժեզրկման պայմաններում գազի թանկացման պատճառով զգալիորեն նվազել են վարորդների եկամուտները: