«Էյր Արմենիա» ավիաընկերությունը կվերսկսի չվերթները միայն մարտ ամսից, քանի որ հունվար-փետրվար ամիսները համարվում են պասիվ, ծանր բեռնվածության սեզոն, իսկ ավիաընկերության նոր գործընկերները չեն ցանկանում սկսել իրենց աշխատանքը մեծ վնասներով: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Էյր Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Արսեն Ավետիսյանը:
Նշենք, որ hայկական միակ ավիափոխադրող «Էյր Արմենիա» ընկերության 49 տոկոս մասնաբաժինը ձեռք է բերել «East Prospect Fund»-ը: Տնօրենը հայտարարեց, որ դեկտեմբերի 12-ին ստորագրվել է պայմանագիր, համաձայն որի հայկական միակ ավիափոխադրողի 49 տոկոս բաժնետոմսերը հիմնադրամը ձեռք է բերել 50 մլն դոլար ներդրումի արդյունքում:
Ավիաընկերության նախկինում իրականացրած չվերթների ուղղությունները կպահպանվեն, սակայն նրանց ապագա ծրագրերում կան նաև նոր ուղղություններ, մասնավորապես դեպի մի շարք արաբական և ասիական երկրներ: Այս հարցով վերջնական պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել:
Իսկ խոսելով տեղի չունեցած չվերթների արդյունքում տուժած մարդկանց ավիատոմսերի գումարները վերադարձնելու մասին՝ Արսեն Ավետիսյանը նշեց, որ ավիաընկերությունն արդեն տոմսերի դիմաց փոխհատուցել է մոտ 2800 ուղևորի, իսկ մնացել են ընդհամենը 375-ը: Վճարումները վերադարձնելու գործընթացը ընթացքի մեջ է:
Ավիաընկերությունը նաև հույս հայտնեց ապագայում ստանալ որոշակի աջակցություն ՀՀ կառավարության կողմից: