Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի համար մեր կողմից խոստացված անհամաչափ պատասխանը եղել է: Այս մասին դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխան է տրվելու:
«Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- ասաց նախարարը:
Նախարարը նաև նշեց, որ ուղղաթիռի հարցով ծառայողական քննությունն ավարտվել է, հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը և իրավապահ մարմիններն աշխատում են:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: