Մենք որպես ազգ երջանիկ ենք, որովհետև մեր ծիսական ուտեստները մեծամասամբ պահպանվել են: Այս մասին մամուլի ասուլիսին այսօր ասաց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Խոսելով ամանորյա սեղանին դրվող կերակուրներից` նա նշեց, որ դրանից մեկը տարեհացն է: «Առանց տարեհացի ավելի լավ է չդիմավորես Նոր տարին»,-ասաց նա և նշեց, որ տարեհացի մեջ անպայման դրվում է դրամ կամ կոճակ, այնուհետև բաժանվում է 12 կտորի, և ում ընկավ դրված կոճակը կամ դրամը, տարին նրա համար հաջողակ է լինելու:

«Ամենահիմնական ուտեստը, որը հիմա էլ որոշ մարզերում պատրաստվում է, քաշիկան է, այն հարիսայի տեսակ է, որը հարիսայից տարբերվում է նրանով, որ չի խառնվում, որպեսզի գալիք տարին պատերազմ չլինի»,-ասաց նա և նշեց, որ հիմնականում կարելի է պատրաստել տարբեր տեսակի տոլմաներ, գառան մսից ուտեստներ, լցոնած հնդկահավ, դդում, չրեղեն:

«Մեծ խոզի ազդրերը ծուլությունից և քաղքենիությունից եկան մեզ մոտ»,-ասաց նա և նշեց, որ նախկինում սեղանին դրվում էր մառանում եղած պաշարը: