Կոմիտասի պողոտայի 5 հասցեի շենքերի հարկայնությունը հաջողվել է 15-ից իջեցնել 7-ի ու նաև հաջողվել է թողնել 7 մ լայնությամբ անցում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում հայտնել է քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:
«Ես հանդիպել եմ հարակից շենքերի բնակիչների հետ: Իմ անձնական ջանքերի շնորհիվ նախագիծը հաջողվել է կրճատել 7 հարկի», - նշել է Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Երևանի փոքր կենտրոնին, 2014թ. մշակված «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի համաձայն՝ սահմանափակվել է նոր շենքերի հարկայնությունը: «Մենք ցանկանում ենք, որ փոքր կենտրոնը պահպանի ավանդական տեսքը և չենթարկվի գլոբալիզացիայի ազդեցությանը», - հավելել է Սարգսյանը:
Նշենք, որ ամռանը Կոմիտասի պողոտայի 5 հասցեում մի շարք բողոքի ցույցեր էին կայացել՝ ուղղված հարևանությամբ կառուցվող շենքերի դեմ: Այնուամենայնիվ, շինարարությունը չէր դադարեցվել:


