«Հրապարակ» թերթը գրում է.

«Իհարկե, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ներկայացրած ամփոփիչ տվյալները «սրտապնդիչ» էին: Իհարկե, հավատում ենք, որ մեր գյուղատնտեսությունն այս տարի 6.5 տոկոս աճ է գրանցել, բայց գյուղացիներն ինչո՞ւ են այսքան դժգոհ: Սերգո Կարապետյանը բոլոր դրական տեղաշարժերի և բացթողումների մասին խոսելիս նախադասություններն սկսում էր իր սիրելի «իհարկե» բառով, նա ներկայացրեց 2014 թվականի բոլոր դրական տեղաշարժերը, «իհարկե», երբ եկավ ժամանակը՝ խոսելու խնդիրների մասին, նախընտրեց պատասխանել լրագրողների հարցերին:

Ամանորը մոտենում է, համոզված ենք, որ պարոն նախարարի սեղանին նույնպես բուդ է լինելու, հուսով ենք՝ ոչ «անկում ապրած» բուդ. «Սննդի պետական անվտանգության տեսչությունն իր ֆունկցիաները կատարում է: Եթե մենք խոսում ենք այդ սատկած խոզի մսի մասին, այո՛, դա ահազանգ է եղել ոստիկանություն, ոստիկանն էլ դիմել է սննդի ծառայությանը, որպեսզի փորձաքննություն իրականացվի, և իրենց եզրակացությունը տան: 20 տեղից վերցվել է փորձանմուշ, և անմիջապես դադարեցվել է դրանց վաճառքը: Հիմա այդ գործը դատաքննչական մարմիններում է, իրենք են վերցրել իրենց հսկողության տակ և իրենք են դրա մասին իրենց վերջնական եզրակացությունը տալու»: Ինչպես նախարարը նշեց, այդպիսի դեպքեր նախկինում էլ են եղել, հնչում էր մոտավորապես այսպես՝ դե հիմա դեպք ա, պատահել ա, էլի:

Եվ վերջապես այդքան «սիրելի» ԵՏՄ-ն, որին նախարարը գովեց, թե հաջորդ տարի արտահանումները կշատանան, թե բան չի մնացել, մենք էլ արտահանող երկիր կդառնանք. «Արտահանման առումով մենք խնդիրներ չենք ունենալու: Մեր տրադիցիոն շուկան եղել է ռուսական շուկան, և այդպես էլ շարունակվելու է: Հասարակ գյուղացին դրա տարբերությունը մեծ չի զգա: Իհարկե, խնդիրներ կան, մեր արտադրողներից որոշ ընկերություններ արտահանում են կազմակերպել դեպի Ռուսաստան և գումարները դեռևս չեն ստացել: Սա բոլորին հայտնի է, թե ինչ պատճառով էր՝ ռուբլու արժեզրկման հետ կապված»: