ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պահանջով այսօր կառավարության նիստին ֆինանսական շուկայում առկա վիճակն ուսումնասիրելու նպատակով ՀՀ Նախագահի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբի ղեկավար փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը տեղեկացրեց, որ և՛ ապրանքների գների, և՛ փոխարժեքի տատանումների տեսակետից ներկայումս կայուն իրավիճակ է:
«Այս պահին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքի գնման ու վաճառքի գների տարբերությունը կազմում են 3-5 դրամ, ինչը պատմական ստանդարտ չափի մեջ է: Շուրջ 94 խանութ դեկտեմբերի 15-16-ին փակված էին ու չէին գործում, որովհետև սպասումներ կային: Հիմա բոլորը վերադարձել են աշխատանքի: Անգամ բոլոր բաց խանութներում մի պահ ապրանքը կար, բայց հստակ գին չկար, դա ևս վերացել է բոլոր տեղերում: Այդ ապրանքները հիմա հստակ գներով են վաճառվում ու փոփոխման ենթակա չեն: Մենք ստացել ենք նաև ՏՄՊՊՀ-ից ամենօրյա դիտանցում, որը կատարվում է մի շարք խոշոր խանութներում, և դրանցում եղած գները զգալիորեն նվազել են ու ունեն կայունացման միտում»,-ասաց նա:
Վաչե Գաբրիելյանը նաև ավելացրեց, որ աշխատանքային խմբի պահանջով Կենտրոնական բանկը կներկայացնի որոշակի կարգավորումներ, որոնց շնորհիվ փոխարժեքի տատանումները փոքր կլինեն: