«Հրապարակ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի 5-րդ գումարման 6-րդ նստաշրջանն ավարտվեց, բայց Վերահսկիչ պալատի 2015 թվականի տարեկան գործունեության ծրագիրն այդպես էլ քվեարկության չդրվեց: Ավելին, հերթական նստաշրջանից հետո խորհրդարանը ևս երեք արտահերթ նստաշրջան գումարեց, բայց այդ ընթացքում, փաստորեն, չկարևորեց ՎՊ հաջորդ տարվա ծրագրի հաստատումը, իսկ դա կնշանակի, որ ՎՊ-ն եկող տարի «բորդյուրից» կախ կմնա ու չի կարող գործունեություն ծավալել այնքան ժամանակ, քանի դեռ ԱԺ-ն չի հաստատել 2015 թվականի գործունեության ծրագիրը: «Վերահսկիչ պալատի մասին» օրենքը սահմանում է, որ ՎՊ տարեկան գործունեության մասին ծրագիրը հաստատվում է Ազգային ժողովի որոշմամբ, ինչը նշանակում է, որ ծրագիրը պետք է նախ ԱԺ քննարկման, ապա քվեարկությանն արժանանա: Հենց այդ քվեարկությամբ է խորհրդարանն ընդունում իր որոշումը ՎՊ-ի տարեկան ծրագիրը հաստատելու կամ չհաստատելու մասին:
ԱԺ կանոնակարգի համաձայն՝ ՎՊ գործունեության տարեկան ծրագրի նախագիծը խորհրդարանի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 60 օր առաջ: Պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիրը նոյեմբերի 3-ին արդեն իսկ ընդգրկվել էր ԱԺ նստաշրջանի օրակարգ, սահմանված ժամկետներում քննարկման դրվել տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նիստերում: Իսկ դրանից հետո տպավորություն կար, թե խորհրդարանը մոռացել է այդ ծրագրի մասին և միայն ԱԺ լիագումար նիստի վերջին քառօրյայի վերջին օրը ափալ-թափալ մեյդան բերեց այն, գուցե չբերվեր, եթե օրենքի պահանջով պարտադիր չլիներ մինչև նոր տարի ապահովել ծրագրի քննարկումը»։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: