Վերջերս աշխարհում տեղի ունեցող քաղաքական և տնտեսական իրադարձությունները իրենց անդրադարձն ունեցան նաև Հայաստանի վրա: Ռուբլու փոխարժեքի անկմանը հաջորդեց դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի կտրուկ արժևորումը: Սրա «տրամաբանական» շարունակությունը եղավ այն, որ հայաստանյան շուկայում անմիջապես բարձրացան առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես սննդամթերի գները:
Դոլարի փոխարժեքը կարծես կարգավորվեց, սակայն ապրանքների գները «հին հայկական ավանդույթի» համաձայն որոշ ժամանակ «բարձրունքներում» էին: Իրադարձությունների նման զարգացումները ստիպեցին կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանին այցելել տարբեր սուրպերմարկետներ և ստուգել ապրանքների գներն անձամբ: Այս «շրջագայությունից» հետո իրավիճակը քիչ թե շատ կարգավորվեց...բայց միայն Երևանում:
YerevanNews.am-ը ստանում է բազմաթիվ ահազանգեր և բողոքներ մարզերից: Բնակիչները հայտնում են, որ մարզերի խանութներում և սուպերմարկետներում սննդամթերքի գները շարունակում են բարձր մնալ: Միգուցե ժամանակն է, որ բացի վարչապետի այցելություններից այս խնդրի լուծման համար իրականացվեն նաև այլ միջոցառումներ: Իսկ ուր մնացին մարզպետները, քաղաքապետներն ու գյուղապետները:
Կամ, միգուցե, վարչապետը խիստ հանձնարարական տա ՏՄՊՊ հանձնաժողովին զբաղվել այս խնդրով: Մեր անվերջ փորձերը կապ հաստատել ՏՄՊՊ հանձնաժողովի հետ անհաջող էին:
Հայաստանը չի սահմանափակվում միայն Երևան քաղաքով: Այս պարզ ճշմարտությունը պետք է գիտակցի և՛ հասարակ քաղաքացին, և՛ պետական պաշտոնյաներն ու պատկան մարմինները: