2015թ. հունվարի 1-ի 00.01-ից մեկնարկում է սրտի անհետաձգելի վիրահատության ծրագիրը։ Այն Հայաստանի Հանրապետության Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է:
Նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` այս ծրագիրը ոչ միայն առողջապահական, այլև սոցիալական նշանակություն ունի և մեծ պատասխանատվություն է պարտադրում։
Ծրագրի նպատակն է սուր ինֆարկտի ծանր դեպքերում, բժշկական համապատասխան ցուցումների առկայության պարագայում կյանքեր փրկել ոչ դեղապատ մեկ ստենտ տեղադրելով։ Այդ ուղղությամբ նախարարի մոտ մասնագետների մասնակցությամբ բազմաթիվ քննարկումներ են եղել, նախապատրաստական մեծ աշխատանքներ կատարվել։
ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանի ղեկավարած հանձնաժողովի կողմից մշակված չափորոշիչները լրամշակվել են մասնագետների կողմից արված առաջարկությունների հիման վրա։ Արդյունքում հստակեցվել են, թե բժշկական որ ցուցումների և էլեկտրասրտագրության ինչպիսի շեղումների դեպքում է անհրաժեշտ կոնսերվատիվ բուժում իրականացնել և որ դեպքերում հիվանդին ամենակարճ ժամանակում տեղափոխել տեխնոլոգիաներով ու մասնագետներով անհրաժեշտ հագեցվածություն ունեցող կլինիկա։ Հաստատվել է նաև Երևանում և մարզերում ծրագրի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկը, գործողությունների ժամանակացույցը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի քանի օր առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը փոխմբռնման հուշագիր կնքեց սրտի ինվազիվ վիրահատություններ իրականացնող Երևանի 4 («Նորք Մարաշ», «Էրեբունի», «Մալաթիա», «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց), ինչպես նաև Գյումրիի և Գորիսի բժշկական կենտրոնների հետ:


