Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը: Նախագահը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորների և հրամանատարների հետ, շրջայց կատարել մարտական հենակետում և ծանոթացել ծառայության անցկացման, ինչպես նաև զինվորների կենցաղային պայմաններին:
Հանրապետության Նախագահը ծառայության ընթացքում իրենց անձնվիրությամբ և խիզախությամբ աչքի ընկած զինծառայողներին՝ մի խումբ սպաների և զինվորների հանձնել է նվերներ: Սերժ Սարգսյանը տոնական սեղանի շուրջ զրուցել է զինվորների հետ, շնորհավորել Հայոց բանակի բոլոր զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ, հղել բարեմաղթանքներ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար. «Մեզնից յուրաքանչյուրին Աստված կամ ճակատագիրը հատկացնում է մի ժամանակահատված, որտեղ կարևորն ինքն է, որտեղ պատասխանատուն ինքն է՝ և՛ հայրենյաց հողի պաշտպանն է ինքը, և՛ երկրի կայունության պատասխանատուն է ինքը, բարեկեցության պատասխանատուն է ինքը: Այսօր այստեղ նստածներով, մեր ողջ զինված ուժերով պատասխանատուն մենք ենք: Այստեղ նստած քյավառցի տղայից սկսած վերջացրած գեներալներով պատասխանատուն մենք ենք և՛ Ղարաբաղի համար, և՛ Գյումրու համար, և՛ Լոռու համար, և՛ Արարատի համար, մեր հայրենի հողի համար: Բոլորիդ ուժ, կորով, կարողություն, որպեսզի այս պատասխանատու խնդիրը մեզ հատկացված ժամկետում մենք կատարենք պատվով»,-ասել է ՀՀ Նախագահը: