ՀՀ ոստիկանությունը այսպես կոչված «օրենքով գողերի» եւ «քրեական հեղինակությունների» երեւանյան հավաքի վերաբերյալ քուչայական մեկնաբանություններ անելու փոխարեն պարտավոր է քրեական գործ հարուցել եւ քննություն սկսել:
ՀՀ Քրեական օրենսգրքի 223 հոդվածով քրեական պատասխանատվություն է սահմանված հանցավոր համագործակցություն ստեղծելու, հանցավոր համագործակցություն ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու համար:
Այսպես կոչված «օրենքով գողերի» եւ «քրեական հեղինակությունների» հավաքի մասին մամուլի հրապարակումները ոչ այլ ինչ են, քան «Քրեական դատավարության օրենսգրքի» 117-րդ հոդվածով նախատեսված հաղորդում հանցագործության մասին, որովհետեւ նման հավաքներում քննարկվում են բացառապես հանցավոր աշխարհի, հանցավոր համագործակցության գործունեության հետ կապված հարցեր:
Զարմանալ կարելի է մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների արած մեկնաբանությունների վրա: Նրանք կարծես իրենց քուչում պրոբլեմներ ունեն եւ այդ պրոբլեմները լուծելու համար մտադիր են «աբրաշչատ լինել» հանցավոր աշխարհին, բայց նախ որոշել են հրապարակային հաճոյանալ նրանց:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանն անձա՞մբ է հանցավոր աշխարհին աբրաշչատ եղել՝ Բաղրամյան քուչեն պահելու հարցում աջակցություն ստանալու համար: Ի վերջո, այդ նույն հանցավոր աշխարհի աջակցությամբ է նա Բաղրամյան քուչի նայող կարգվել:
ԱԺ պատգամավոր՝ Նիկոլ Փաշինյան