System of a Down խումբը մեկնարկում է Wake Up The Souls Tour համերգային շրջագայությունը, որը նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին։
Շրջագայության առթիվ Rolling Stone ամսագիրը հրապարակել է Սերժ Թանկյանի հետ անցկացրած հարցազրույցը: « Մենք ցանկանում ենք, որ ճանաչեն 20-րդ դարի առաջին Ցեղասպանությունը: Սա հնարավորություն է տալիս հավատալ նրան, որ մարդկությունը, ի վերջո, կդադարի սպանել ինքն իրեն: Թուրքիան պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի իր պատմությանը: Հարցը միայն հայերի, հույների եւ ասորիների մասին չէ, այլ թե ինչ է այժմ կատարվում ամբողջ աշխարհում», – նշել է նա: Թանկյանը հույս է հայտնել, որ ի վերջո Թուրքիան կճանաչի Հայոց Ցեղասպանությունը: «Այս պահին խորհրդարանում քննարկում են Ցեղասպանության մասին բանաձեւը: Այն ներկայացրել է քուրդ պատգամավոր Սեբահաթ Թունջելը: Վստահ չեմ, որ բանաձևւը կընդունվի, բայց սա արդեն լուրջ քայլ է:
Ի դեպ, ես Լոս Անջելեսում զբաղված եմ Ցեղասպանության մասին ֆիլմի նկարահանման աշխատանքներով: Ես նաև ցանկանում եմ խոսել աշխարհի բոլոր ծայրերում ապրող այն հայերի մասին, ովքեր ինչ-որ կերպ փորձում են օգնել այս հարցի ճանաչման գործում:Անկախ այն ամբողջ հարձակումից, որին ենթարկվում է Քիմ Քարդաշյանը, կարող եմ ասել, որ նրա հիշատակումներով Հայոց ցեղասպանության իրողությունը տարածվում է աշխարհով մեկ, դա արժեքավոր է: Նա կարող է գիտակցության մեծ ալիք բարձրացնել: Իրականում նա ավելի շատ հետևորդներ ունի Twitter-ում, քան ես, միանշանակ », –ավելացրել է նա: