Առաջին օրերին հակառակորդի կողմից իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո արձանագրված թերությունների և հաջողությունների հիման վրա կազմվել է հրաման, որտեղ նշված են կարևոր 7 կետ՝ սահմանների պաշտպանությունն ուժեղացնելու համար: Այս մասին այսօր Կ.Դեմիրճյանի անվան համալիրում հրավիրած խորհրդակցությանը հայտարարեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

«Պետք է ապահովել մարտական հերթապահության բարելավում, դիտարկման համակարգի կատարելագործում, պետք է դիվերսիոն հետախուզական գործողությունների դեմ պայքար իրականացնենք, պարապմունքներ անցկացնենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար, դիվերսիոն գործողությունների ժամանակ հակառակորդի պատժում իրականացնենք և որոշ դեպքերում նախահարձակ լինենք՝ չսպասելով, որ գործողություններ կատարի հակառակորդը: Մենք պետք է ունենանք կանոնավոր գործելու ընդունակություններ. պատրաստի հակահարվածները ու պատժիչ միջոցները մշտապես պետք է մեր ձեռքում լինեն»,-ասաց նա: