Հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
- Ավետիսյան Սերյոժա Կարապետի
- Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
- Ավետիսյան Աիդա Սերյոժայի
- Ավետիսյան Արմեն Սերյոժայի
- Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
- Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։ Պարզվել է վերջինիս ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Հարուցվել է քրեական գործ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ։ Կատարվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ Արամ Թամազյանը և Վահագն Հարությունյանը։