Արդեն հայտնի են Մարսելում սպանված հայ աշակերտի անունը և միջադեպի մանրամասները: «Nouvelles d'Arménie»-ն գրում է, որ սպանվածի անունն էր Միշել (Միշա), ազգանունը՝ Ասատրյան: Նա 16 տարեկան էր, սովորում էր Մարսելի Կամիլ Ժյուլյանի անվան մասնագիտական լիցեյում, ուներ բարի համբավ:
Ըստ թերթի՝ հայ երիտասարդը սպանվել է դաժան հարձակման հետեւանքով. Նրան երկաթյա ձողերով ծեծել են այն աղջկա եղբայրները, որի հետ ավելի վաղ նա վիճել էր չնչին թեմայով՝ վերջինիս ընկերուհիներից մեկի հետ կապված: Ականատեսները պատմել են նաև դանակի հարվածների մասին:
Տղային հրաժեշտ տալու և ընտանիքին զորակցություն հայտնելու համար կոչ էր տարածվել հունվարի 13-ին Մարսելի Պրադոյի պողոտայում գտնվող հայկական եկեղեցու մոտ հավաքվելու մասին:


