Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր թվիթերյան միկրոբլոգում մի գրառում էր կատարել, որտեղ ասվում էր, որ Ադրբեջանում առկա են բոլոր տիպի ազատություններ` խոսքի, հավաքների, խղճի, մամուլի, համացանցի և նույնիսկ կրոնական հայացքների։
Ինձ թվում է, որ այս մարդը տեղյակ չէ իր երկրում տիրող իրավիճակից և չի մասնակցում դրա կառավարմանը կամ էլ հակերները կոտրել են նրա էջը, ինչը քիչ հավանական է։ Հակառակ դեպքում նման հիմարություններ չէր գրվի։
Վերջին տաս տարիների ընթացքում Ադրբեջանը մշտապես քննադատության է արժանանում մամուլի ազատությանը վերաբերող հարցերում: Ադրբեջանական հասարակությունը բալանսավորված, ճշգրիտ տեղեկություն ստանալու խնդիր ունի։
Հիշեցնեմ, որ 2013 թվականիի ընտրությունների ժամանակ Ադրբեջանի ԿԸՀ կողմից գործարկված բջջային հավելվածը պատահաբար հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները՝ ընտրությունների ավարտից մեկ օր շուտ։ Արդյունքները ցույց էին տալիս 72.76% Իլհամ Ալիևի օգտին ու 7.4% նրա մոտ մրցակից Ջամիլ Հասանլիի օգտին։ Պատոնապես հայտարարվել է, որ հավելվածի ծրագրավորողները կիրառել են 2008 թվականի տվյալները, քանի դեռ չկար վերջնական արդյունքը, սակայն տվյալները չէին համապատասխանում ոչ 2008 թվականին ընտրողների թվին, ոչ վերջնական արդյունքներին։
Մինչև 2005 թվականը Ադրբեջանում գործում էր հավաքների արգելք։ Ճնշման արդյունքում արգելքը վերացվեց, սակայն նույն թվականին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ կազմակերպված հավաքները խիստ կերպով ճնշվեցին։
Բազմաթիվ մարդու իրավունքների պաշտպաններ, քաղաքական գործիչներ ու լրագրողներ ձերբակալվել են Ադրբեջանում Ալիևների՝ իշխանության գալուց ի վեր։ Նոյեմբերի 18-ին ըստ Index of Censorship իրավապաշտպան կազմակերպության Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների թիվը մոտ 100 է։
Անկախ այն փաստից, որ Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի Խորհրդի ու Մարդու Իրավունքների Խորհրդի անդամ, այն շարունակաբար ենթարկվում է քննադատության մի շարք միջազգային մարմինների կողմից, ինչպիսիք են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Amnesty International-ը, Freedom House-ը, Human Rights Watch-ը և այլն։
Իսկ այդ ոլորտում տարեվերջյան բումը եղավ 2014–ի դեկտեմբերի 26–ին, երբ իրավապահները ներխուժել և խուզարկել էին «Ազատություն» ռադիոկայանի գրաասենյակը, առգրավել համակարգիչներն ու փաստաթղթերը։
Այդ միջադեպին անդրադարձան և կոշտ քննադատության ենթարկեցին միջազգային և մասնավորապես ամերիկյան ԶԼՄ–ները։ The Huffington Post-ի թղթակից Թիլ Բրաքները Ադրբեջանը անվանափոխել էր «Աբսուրդիստան» բառով, որից հետո կետ առ կետ ներկայացրել այդ երկրում կատարված ապօրինություններն ու անհեթեթ գործողությունները մարդու ազատությունների նկատմամբ: Իսկ ԱՄՆ-ի նախկին փոխպետքարտուղար, ներկայումս ՄակՔեյնի ինստիտուտի փորձագետ Դեյվիդ Կրամերը, իր «Հանցավոր ռեժիմը մարտահրավեր է նետում Միացյալ Նահանգներին» խորագրով հոդվածում քննադատել էր պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության մասով:
Դե իսկ կրոնական ազատությունների մասին խոսելուց առաջ մեծն Իլհամը թող գրառում անելուն զուգընթաց աչքի անցկացնի ԱՄՆ Պետքարտուղարության տարբեր տարիների զեկույցները, որտեղ պարզ նշվում է, որ իշխանությունները բռնագրավում են կրոնական նյութերը և մահմեդական ու քրիստոնեական խմբերի որոշ անդամների խոշտանգումների ենթարկում: Այո, կան կրոնական ազատություններ, բայց միայն Իսլամի մասով։
Մի խոսքով, ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց դրա համար երկար ժամանակ կպահանջվի։ Պետք չէ մեծ խելքի տեր լինել, հասկանալու համար, որ այս երկիրը ամբողջությամբ կառուցված է կեղծիքի և ստի վրա. սկսած նախագահի թվիթերյան գրառումներից վերջացրած ազգային ուտելիքներով։ Իր հանրությանը կեղծիքով սնելով, աբսուրդի հասնող գրառումներ անելով պետական քաղաքականություն չեն իրականացնում և դրանք ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Ալիևը տեղյակ չէ, թե իր նստավայրից դուրս ինչ է կատարվում։
Արամ Գևորգյան-Facebook