«Երևանի ավագանու 2014 թվականի գործունեության ամփոփում և գնահատական» թեմայով «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ընթացքում, որին մասնակցում են Երևանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը և «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամ Վարդան Գերավետյանը, քննարկման մասնակիցներն իրենց գնահատականները հնչեցրին ավագանու՝ 2014 թվականի աշխատանքների վերաբերյալ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը նշեց, թե 2014 թվականը եղել է շատ բուռն տարի:
«Եթե 2013-ին մեր գործունությունը իրականացրել ենք կես տարվա ընթացքում, ապա այս տարի ամբողջ տարին ենք աշխատել, և կարող ենք ասել, որ մեր գործունեությունը արդյունավետ է: Ավագանու ինստիտուտը կայանում է»,- ասաց Թամարա Պողոսյանը:
«Բազմաթիվ բացթողումներ եմ տեսել, որոնք վերածվել են քաշքշուկի: Կուզենայի նշել Աֆրիկյանների շենքի նախադեպը, որը որպես մշակութային կոթող ոչնչացվեց: Ես՝ որպես քաղաքացի, տեսնում եմ, որ ակնհայտ խախտում է կատարվել, հանրային տարածք է գրավել»,- ասաց Վարդան Գերավետյանը՝ շարունակելով, թե հերիք չէ, որ շենքը քանդվել է, ցանկապատով փողոցի կեսը փակվել է, պաստառի վրա էլ գրված է՝ «Ավելի բարեկարգ Երևան»:
Հարցին, թե ավագանին ինչ կարող էր անել, որ չարեց, «Մեր քաղաքը» նախաձեռնության անդամը պատասխանեց. «Մեր պատմությունը մեր աչքի առաջ ոչնչանում է: Ինչքան շատ ենք լսում «Հին Երևան» նախագծի մասին, այդքան հին Երևանը ոչնչանում է: Ավագանի-քաղաքապետ՝ դա մի կառույց է, բայց ես տեսնում եմ, որ դոմինանտը քաղաքապետն է, և շատ հարցերում ինչ ուզում, այն էլ անում է առանց հաշվի առնելով ավագանու կարծիքը»:
«Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն էլ իր հերթին ասաց, թե «Բարև Երևան» դաշինքը միակ ընդդիմադիր խմբակցությունն է Երևանի ավագանիում, և եթե իրենց առաջին տարին «սվիններով» էին դիմավորում, ապա 2014-ին այդ վերաբերմունքը բավականին հանդուրժող է եղել:
«2014-ին դեկտեմբերին ավագանու նիստում ընդունվեց որոշում, որով փետրվարից ավագանու նիստերը կհեռարձակվեն ուղիղ: Սա հաջողություն է»,- ասաց Անահիտ Բախշյանը:
Ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Նատալյա Լափաուրին էլ, ասաց, թե 2013 թվականի համեմատ 2014-ի Երևանի քաղաքապետարանի բյուջեն աճ է արձանագրել 4%-ով:
«Այդ 4 տոկոսի ավելացումը գնահատում ենք որպես ձեռքբերում, որովհետև ոչ բոլոր համայնքներում է հնարավոր արձանագրել բյուջեի աճ»,- նկատեց Լափաուրին: