Թերթն իր այսօրվա առաջնորդողում հարցեր է բարձրացնում ու փնտրում պատասխաններ Գյումրիի սպանդի ու սպանդն իրականացրած Պերմյակովի ձերբակալության հետ կապված։ Ներկայացնում ենք մի հատված։ Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
«Ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրությունը ստացել է հունվարի 12–ի կեսօրին: Մեկ ժամ անց արդեն ոստիկանությունը գիտեր, թե ում է փնտրում: Բայց ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Պերմյակովին հայտնաբերել են դրանից 12 ժամ անց, դեպքի վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա պետական սահմանը անցնելու փորձ կատարելիս: Այսինքն Հայաստանի իրավապահ մարմինները ուղիղ 12 ժամ ունեցել են Պերմյակովին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Նման բան, սակայն, տեղի չի ունեցել: Սրա համար կարող է լինել երկու պատճառ. առաջինը ոստիկանության և ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի պակասը և երկրորդը այդպիսի պայմանավորվածություն է ձեռքբերվել ռուսական և հայկական մարմինների միջև: Որովհետև, եթե Պերմյակովին ձերբակալեին հայաստանցի իրավապահները, նրան Ռուսաստանին արտահանձնելու հարց, ըստ էության, չէր առաջանա, որովհետև ինչպես նշել ենք, հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, Հայաստանի տարածքում հանցագործություններ իրականացրած ռուս զինվորականները պիտի դատվեն Հայաստանի օրենքներով, Հայաստանի դատարանների կողմից: Ի դեպ, ռուսները Պերմյակովին չէին կարող ձերբակալել նաև Գյումրիում կամ Հայաստանի տարածքի որևէ այլ հատվածում, որովհետև նման իրավասություն չունեն: Նրանք ձերբակալություն կարող էին իրականացնել միայն սահմանային փշալարերից այնկողմ: Եվ փաստորեն, ձերբակալությունը տասնյակ հնարավորներից իրականացվել է այնպիսի միակ հանգամանքում, որ հնարավոր լինի հղում կատարել ՌԴ սահմանադրության այն կետին, որ Ռուսաստանը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել Հայաստանին:
Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ. եթե Պերմյակովին ձերբակալել են Հայաստանի պետական սահմանը ապօրինի կերպով հատելու համար, այս պարագայում էլ հանցագործության օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է: Հայաստանի սահմանը ապօրինի հատելու փաստի առիթով հարուցված քրեական գործերը վարում են Հայաստանի իրավապահները և այստեղ էլ ռուս իրավապահները մարդ դատելու իրավունք չունեն: Ու ռուսների միակ կռվանը դառնում է այն, որ Պերմյակովն ինքնակամ լքել է զորամասը, այդ առիթով էլ քրեական գործ է հարուցվել, և սա արդեն Ռուսաստանի իրավազորության ոլորտին է պատկանում: Բայց սա թույլ, չափազանց թույլ կռվան է, և Պերմյակովին Ռուսաստանին զիջելով Հայաստանի իշխանությունները մեր երկրի ինքնիշխանության ևս մեկ կտոր են զիջել Ռուսաստանին: Հարցը միայն հետևյալն է. սա արվել է միայն քաղաքակա՞ն որոշմամբ, թե՞ նաև ոստիկանության ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: