Թերթը զրուցել է ՀԱԿ իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ, իրավաբան Արմեն Խաչատրյանի հետ.
«Եթե ՀՀ իրավապահները չեն կարողացել հայտնաբերել երեք բջջային հնռախոս ունեցող քաղաքացուն, ուրեմն թող գնան զբաղվեն կոշկակարությամբ, թող գնան, զբաղվեն անասնապահությամբ, ամեն ինչով, ինչը կապ չունի հանցագործ հայտնաբերելու, հանցագործություն բացահայտելու հետ: Ամբողջ իրավապահ համակարգը դուրս էր եկել, չկարողացան գտնեն, բայց Բայանդուր գյուղի գյուղացին նրան հայտնաբերեց: Դրանից հետևում է, որ իրավապահները կամ մասնագիտական առումով զրոյական վիճակում են, կամ իմ մեջ ողջամտորեն կասկած է առաջանում, որ այն, ինչ պաշտոնապես հայտնել են, հնարավոր է, որ չի համապատասխանում իրականությանը, այսինքն՝ լուծել են խնդիր, որ Պերմյակովը հայտնվի ռուսական կողմի մոտ: Սա կարող ենք ասել որպես կասկած։
Քրեական իրավունքը ունի աքսիոմ՝ եթե հայտնաբերված չէ մոտիվը, ուրեմն սպանությունը բացահայտված չէ: Այս պարագայում սպանության մոտիվը պարզ չէ: Ամեն ինչն այս դեպքում շատ տարօրինակ է: Եթե սա դիվերսիոն գործողություն է եղել, ապա ինչո՞ւ սպանություն պետք է կատարվեր զորամասից այդքան կիլոմետր հեռավորության վրա, եթե զորամասին շատ մոտ բնակավայրեր կան, ինչո՞ւ այդ գործողությունը չի կատարել սահմանին մոտ բնակավայրում, ինչից հետո կարող էր արագ հատել սահմանը: Հարցականները այնքան շատ են, որ կարելի է բազմաթիվ վարկածներ առաջ քաշել: Այն վարկածը, թե Պերմյակովը հոգեկան խնդիրներ է ունեցնլ, ևս կասկածելի է, քանի որ կան փաստեր, օրինակ, որ նա Ավետիսյանների տանն է թողել իր զենքը, քաղաքացիական հագուստ է հագել, հետո նոր հնռացել, այսինքն նա շատ լավ գիտակցել է, որ հանցագործություն է կատարել և պետք է թաքնվի: Աֆեկտի մեջ գտնվող մարդը չէր կարող նման բան հասկանալ, և պարզ է, որ նա սառնասիրտ է գործել: Պետք է նշել, որ իրավապահ համակարգը անգամ չկարողացավ հասկանալ, որ նման հանցագործություն կատարած անձը եթե չի հանձնվել և դիմել է փախուստի, նա պետք է փորձի հատել սահմանը: Գյումրիից ո՞ւր պետք է գնար: Ամենահավանական ուղղությունը հայ-թուրքական սահմանն էր, ուր էլ նա գնացել էր, իսկ իրավապահները նրան մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում էին փնտրում»»,–իրավաբանի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։