Բիզնեսի շատ տեսակներ, նույնիսկ պարզ և ավանդականները, սկսած անվանման ընտրությունից, միջոցառումների կազմակերպումից մինչ օֆիսի կահավորումը պահանջում են կրեատիվություն: Հայաստանում գովազդային ոլորտում առաջատար «Մոշն Թայմ» (Motion Time) ընկերությունը շարունակում է ներկայացնել ձեզ մի քանի անհրաժեշտ խորհուրդ, որոնք կօգնեն ստեղծել կրեատիվ գաղափարներ:
- Ուոլթ Դիսնեյի արվեստի ռազմավարությունը: Որոշ վարժություններ պահանջում են իսկապես դերասանական տաղանդ և չափազանց բարդ են թվում, սակայն իրականում դյուրին են և հեշտ ըմբռնելի: Այս վարժության էությունը ձեզ խանգարող հանգամանքները բացահայտելու մեջ է: Առանձին-առանձին դիտարկեք դրանք և փորձեք գտնել լուծումներ: Իրականում, խնդիրները առանձին դիտարկելիս այնքան էլ բարդ չեն թվում:
Այս մեթոդը կիրառել է հայտնի մուլտիպլիկատոր Ուոլթ Դիսնեյը իր կարիերայի ամենասկզբում: Նա իր փոքրիկ սենյակում խաղում էր երեք դեր՝ երազող ռոմանտիկի, իրատեսի և քննադատի: Նա իր երազանքները և կատարված աշխատանքը դիտարկում էր 3 տեսանկյունից էլ: Այս ամենից հետո միայն նա նստում և սկսում էր ստեղծագործել: - Կրեատիվության տախտակ: Սա ոչ թե ուղղակի վարժություն է, այլ ոգեշնչման աղբյուր: Մեծ տախտակի վրա գրեք «իմ բիզնեսը» բառերը, իսկ կողքին նկարեք կամ փակցրեք նկարներ, որոնք ըստ ձեզ գեղեցիկ են: Պահեք այն մոտակայքում, և երբ հանգստանում եք ուղղակի նայեք դրան: Նկարները ընտրելու ընթացքում դուք ենթագիտակցորեն ուղղորդել եք ձեզ դեպի ոգեշնչում:
- Լեզվային բազմանկյունի: Այս վարժությունը կարելի է կիրառել ընկերության համար կարգախոս կամ գովազդային հաղորդագրություն գրելիս: Նկարեք բազմանկյուն և յուրաքանչյուր անկյունում գրեք ցանկացած բառ: Այնուհետև յուրաքանչյուր բառի դիմացի անկյունները միացրեք իրար՝ ստանալով բառակապակցություն: Որքան էլ անհեթեթ հնչի բառակապակցությունը փորձեք բացատրել այն: Երբ ձեր բառերով կնկարագրեք ստացված արդյունքը, ապա նոր կարգախոս հորինելը խաղ ու պար կթվա: